Համերգ` նվիրված Լոս Անջելեսի «Զվարթնոց» պարային համույթի ստեղծման 25 ամյակին

Հուլիսի 27-ին ժամը 19:00-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ԱՄՆ  Լոս Անջելես քաղաքի «Զվարթնոց» պարային համույթի ստեղծման 25 ամյակին նվիրված համերգ:

Համույթը (գեղարվեստական ղեկավարներ` Վարդան և Արմինե Աղաջանյաններ) երևանյան հանդիսատեսին է ներկայանալու ազգային պարերի նոր  բեմադրություններով:

«Զվարթնոց» պարախումբը ստեղծվել է 1989թ.՝ Վարդան Աղաջանյանի կողմից: Անսամբլը իր համաժողովրդական սերն ու ճանաչումը ձեռք է բերել հայազգի հնագույն պարերի պահպանման և կատարման շնորհիվ: Առաջին համերգը կայացել է 1991թ. մարտի 17-ին Գլենդելում`

Տասնամյակների ընթացքում, հավատարիմ մնալով հայկական ազգային պարարվեստի ակունքներին, անսամբլի համերգային ծրագրում ներկայացվում են ծիսական, աշխատանքային, քնարական, ռազմական, կատակային և այլ բնույթի պարեր:

Պարախումբը մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին, տարբեր տարիներին այցելել է Հայաստան, ելույթներ ունեցել Երևանում, Սպիտակում, Չարենցավանում, Հրազդանում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում:

«Զվարթնոց» պարային համույթը հայ պարարվեստը ներկայացրել է Սան-Ֆրանցիսկոյում, Ֆրենզո, Սան Դիեգո, Դիթրոիդ և Լաս Վեգաս քաղաքներում, Անսամբլը մասնակցել է նաև Մալթայում կայացած ժողովրդական պարերի միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակին: Մոնրեալում մասնակցել է կանադահայ համայնքի կազմակերպած մշակութային փառատոնին: Համույթը մենահամերգներ է ունեցել նաև Նյու Մեխիկոյում, Արիզոնա նահանգում, Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, Մեքսիկայում:

Scroll Up