ԱՄՆ-ի «Զվարթնոց» պարային համույթի գեղարվեստական ղեկավարները ՀՀ սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/19.jpg)
Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գլենդելի «Զվարթնոց» պարային համույթի գեղարվեստական ղեկավարներ տեր և տիկին Վարդան և Արմինե Աղաջանյաններին:
Նախարարը շնորհավորեց Վարդան և Արմինե Աղաջանյաններին համույթի 25-ամյա հոբելյանի առթիվ և բարձր գնահատեց hուլիսի 27-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացած հոբելյանական համերգը: ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ համույթն ամեն անգամ Հայաստանում ավելի ու ավելի կատարելագործված է ներկայացնում հայկական պարը: «Նույնիսկ հայաստանյան պարախմբերը շատ բան ունեն ձեզանից սովորելու, – նշեց նախարարը՝ հավելելով, – Ինձ համար Սփյուռքում հայապահպանության հիմնական հենքը հայկական մշակույթն է: Դուք կարողանում եք օտար ափերում բնակվող հայ երեխաների ու երիտասարդների համար ստեղծել հայկական միջավայր, որտեղ պարելով հայկական պարեր, սովորելով հայ պարի պատմությունն ու ավանդույթները, մեծանում են իսկական հայեր»:
ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ հայտնի պարուսույցներին հաջողվել է գտնել երեխաներից յուրաքանչյուրի հետ վարվելու սրտի բանալին և Հայրենիքում համերգները իրենց կատարած մեծ գործի յուրօրինակ հաշվետվություններն են:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը ջերմ ընդունելության, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում համերգները կազմակերպելու գործում անփոխարինելի աջակցության, ինչպես նաև Հայրենիքում հարմարավետ հանգրվանելուն առնչվող բոլոր հարցերը լուծելու համար՝ Վարդան Աղաջանյանը նշեց. «Նախարարության բարձրագույն պարգևին՝ Ոսկե մեդալին արժանանալն անչափ կարևոր էր մեզ համար: Դա նշանակում է, որ մեր 25-ամյա գործունեությունն իզուր չի անցել: Սիրելի տիկին Հակոբյան, մենք մեզ իսկապես զգում ենք մեր նախարարությունում»:
Տեր և տիկին Վարդանյանները հրավիրեցին նախարար Հ.Հակոբյանին Գլենդել՝ տեղում ներկայացնելու իրենց աշխատանքները, քննարկելու պարախմբի հետագա գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր: