ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը Ռումինիայի հայաբնակ Գեռլա քաղաքի և քաղաքում անցկացվող Ս. Գրիգոր Լուսավորչի տոնի առթիվ

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան հարգարժան պարո՛ն Գասպարյան,

Ռումինահայոց միության նախագահ  մեծահարգ պարո՛ն Ոսկանյան,

Մեծահարգ պարո՛ն քաղաքապետ, գերաշնորհ Սրբազա՛ն հայր,

Գեռլայի հայ համայնքի ներկայացուցիչնե՛ր,

Սիրելի՛ հայրենակիցներ և հյուրեր,

ՀՀ սփյուռքի նախարարության անունից շնորհավորում եմ ձեզ Գեռլա քաղաքի Օրվան և Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված այս գեղեցիկ տոնի առիթով:

Հայ գաղթականների կողմից 17-18-րդ դարում հիմնված Արմենոպոլիս քաղաքը, որը հետագայում անվանվեց Գեռլա, ունի հարուստ պատմություն և իր մշակութային ժառանգությամբ մեծ հետք է թողել թե՛ հայկական սփյուռքի և թե՛ Ռումինիայի պատմության էջերում:

Աղետների ու արհավիրքների պարտադրանքով հաճախ հայերի մի մասը լքել է իր բնօրրանը և հաստատվել այլ վայրերում,  ինտեգրվել այդ հասարակություններում, սակայն  օտար ափերում շարունակել հայ մշակույթի պահպանումն ու տարածումը:

 Այս առումով հատկանշական է, որ Ռումինիայի այս վայրում հաստատվելուց հետո հայերի առաջնային նախաձեռնություններից մեկը եղավ քաղաքում հայկական եկեղեցիների կառուցումը՝ որպես ազգային ինքնության պահպանման ու հարատևման կարևորագույն հենասյուն, որոնք նաև նոր շունչ հաղորդեցին  նորաստեղծ քաղաքին: Այս համատեքստում պետք է նշեմ 18-րդ դարում հայերի կողմից Գեռլայի կետնտրոնում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցու մասին, որը գեղեցիկ ճարտարապետական կառույց լինելուց զատ, հայկական մշակութային ժառանգության հիանալի օրինակ է:

Հարգարժա՛ն պարոն քաղաքապետ,

Խնդրում եմ՝ ընդունեք իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը՝ հայ համայնքի նկատմամբ Ձեր ունեցած հիանալի վերաբերմունքի համար: Այս միջոցառումները, հիրավի, վկայությունն են հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամության, նույն արժեհամակարգին դավանելու, ինչպես նաև երկու ժողովուրդների պատմությունն ու մշակույթը պահպանելու և դարերին փոխանցելու արժեքավոր գործի:

Շնորհակալության իմ խոսքն եմ հղում մեր դեսպանությանը, ռումինահայոց հոգևոր թեմին, Ռումինահայոց միության ղեկավարությանը և հայ համայնքի ներկայացուցիչներին այս միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար և գեռլայաբնակ բոլոր սիրելի հայրենակիցներին, որ հանդիսանալով Ռումինիայի օրինապաշտ քաղաքացիներ՝ սերնդեսերունդ, դարեր ի վեր ապրել և այժմ էլ շարունակում են ապրել և գործել որպես հոգով հպարտ հայեր՝ պահպանելով հայկական ոգին, մշակույթն ու ավանդույթները:

Մեկ անգամ ևս շնորահավորում եմ բոլորիդ այս պատմական օրվա, հիասքանչ տոնակատարությունների առթիվ և մաղթում հաջողություններ՝ հանուն ռումինահայ համայնքի զորացման և մեր երկու ժողովուրդների բարեկամության:

Ջերմ բարեմաղթանքներով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up