ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու առթիվ

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՎԱՀԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ           

Սրբազա´ն Հայր,

Իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն եմ հղում Ձեզ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու  առթիվ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Ձեր ընտրությունը վկայում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ Ձեր նվիրվածության և Նրա Գահակալի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Ձեր նկատմամբ ունեցած մեծ վստահության մասին:

Բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի հյուրընկալ հողում բնակվող հայությունն իր ազգային արմատներին ամուր կառչած է մնացել Հայրենիքի կենարար հոգևոր-մշակութային արժեքներով մշտապես սնուցվելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հորդած Հայրապետական մաղթանքերի և օրհնանքների շնորհիվ:

Վստահ եմ, որ Ձեր թեմակալ առաջնորդությամբ Ֆրանսիայի Հայոց թեմը շարունակելու է լավագույն ավանդները և տեղի հայության համար դառնալու է հայապահպանության և հայեցի դաստիարակության քարոզչության, հոգևոր-մշակութային նոր լիցքեր ստանալու, հայ ազգային քրիստոնեական մտածելակերպի հիմնատարրերով հագեցած սրբատեղի:

Սրբազա´ն Հայր, երիցս ոգևորիչ է, որ Ձեր հոգևոր ծառայությունը այսուհետ ևս շարունակվելու է առնչվել աշխարհասփյուռ հայությանը: Ընդգծելով Ձեր ազգանվեր գործունեությունը և բազմամյա փորձն ու վաստակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամերիկյան և Եվրոպական թեմերում՝ համոզված ենք, որ Ֆրանսիայի հայ համայնքում Ձեր ծառայությամբ նպատակային կհամարեք Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության գործակցության խթանումը և զարգացումը, Հայաստանի և Արցախի վերաբերյալ իրական կարծիքի ձևավորմանն աջակցելը:

Համոզված եմ, որ հաշվի առնելով Ֆրանսիայի հայ համայնքների առջև ծառացած նոր մարտահրավերները, ուծացման վտանգը, Ձեր թեմակալ առաջնորդությամբ կմշակվեն ազգային ավանդույթների պահպանմանը և ազգային ինքնության բարձրացմանը նպաստող նոր կառուցակարգեր, որոնց համատեքստում չի անտեսվի նաև օգնությունը սիրիահայ մեր եղբայրներին:

Սրբազա´ն Հայր, Ձեր անմիջական աջակցությամբ ակնկալում ենք Հայրենիք – Սփյուռք գործակցության առավել խորացում, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի աշխույժ մասնակցություն ու ներգրավվածություն ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին:

Մաղթում եմ Ձեզ նոր հաջողություններ՝ ի շահ Ֆրանսիայի հայ համայնքի ազգային և հոգևոր միասնության, համայնք–եկեղեցի կապերի առավել խորացման և ամրապնդման:

Թո՛ղ Աստծո Ամենակարող Աջը միշտ հովանի լինի Ֆրանսիայի Հայոց թեմին, Ձե՛զ, Սրբազա´ն Հայր, և Ֆրանսիայի հայությանը:

ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Scroll Up