Թուրքիայում հայից խլված տունը ստացել է Europe Nostra մրցանակ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/12541881344_617561e432_z.jpg)
Թուրքիայի Էդիռնե քաղաքում գտնվող եւ նախկինում հայ ընտանիքի պատկանած «Միհրան հանըմի տունը» արժանացել է հայտնի Europe Nostra մրցանակին։
Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ ԵՄ հանձնաժողովի եւ Europa Nostra-ի կողմից կազմակերպվող «Եվրոպայի պահպանության մրցանակներ»-ի շրջանակում ժյուրիի հատուկ մրցանակ է ստացել Էդիռնեի՝ նախկինում Մայիսյան ընտանիքին պատկանած «Միհրան հանըմի տունը»։
Ժամանակին տունը պատկանել է բժիշկ Վասիլ Մայիսյանին, որի համար տունը նաեւ անվանել են «Բժշկի տուն»։ Տունը 2004 թվականին պետությունից գնել է Ջելալ Աջար անունով գործարարը եւ այն վերաբացել որպես բուտիկ-հյուրանոց։
Ստամբուլահայ հայտնի լրագրող Արիս Նալջըն այս մրցանակի հետ կապված Twitter-ում թողել է հետեւյալ գրառումը. «Էդիռնեի Մայիսյան ընտանիքին պատկանած տունը ստացել է Europa Nostra պահպանության մրցանակ։ Երանի թե տան պես ընտանիքին էլ պահպանեին»։