ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ամանորյա շնորհավորական խոսքը աշխարհասփյուռ հայությանը
Աշխարհի տարբեր մասերում ապրող իմ թանկագի´ն քույրեր և եղբայրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2014 թվականը լինի կայունության, վերելքի, ձեր երազանքների իրականացման տարին:
Վստահ եմ, որ գալիք տարում ձեր հայրենանվեր գործունեությամբ, ձեր նվիրումով ու միասնական գործակցությամբ էլ ավելի կհամախմբվի Սփյուռքը, և կյանքի կկոչվեն բազում հայանպաստ ձեռնարկներ:
Համոզված եմ, որ 2014-ը կլինի զբոսաշրջության զարգացման տարի. Հայրենիք չայցելած յուրաքանչյուր հայ կգա և Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին իր գլուխը կխոնարհի անմեղ զոհերի հիշատակի առաջ և առավել կճանաչի իր Հայրենիքը:
Հայրենիքը կանչում և սպասում է ձեզ:
Կասկածից վեր է, որ տարբեր ոլորտներում ներդրվող մեր ջանքերը պետք է ուղղորդենք՝ հզորացնելու մեր Հայրենիքը,ամրապնդելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը:
Սիրելի´ բարեկամներ,
Մի կողմից մեր բոլորի հայացքն ուղղված է դեպի Սիրիա, և բոլորիս ցանկությունն է, որ օր առաջ դադարի արյունահեղությունը, մեր հայրենակիցները գտնեն իրենց հոգու անդորրը: Մյուս կողմից Սիրիայում պատերազմից տուժած մեր հայրենակիցներին աջակցելը յուրաքանչյուրիս պարտքն է ու պարտավորությունը նրանց Հայրենիքում հաստատվելու, «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագիրը կյանքի կոչելու, մեր քույրերին ու եղբայրներին Սիրիայում օգնելու համար:
Բոլորիս երազանքն է, որ Նոր տարում ամենուր խաղաղություն լինի, և հանդուրժողականությունը, սերն ու երջանկությունն ուղեկցեն յուրաքանչյուրիս:
Սիրելի´ հայրենակիցներ,
Մաղթում եմ ձեզ առողջ երկարակեցություն, հոգու մշտատև զվարթություն, աշխուժություն ու զորացում՝ շարունակելու դժվարին, սակայն պատվաբեր ու ազգանպաստ ձեր առաքելությունը, որտեղ էլ որ գտնվելիս լինեք:
Թող գալիք տարին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար լինի համազգային նպատակների իրականացման, նվաճումների և նորանոր ձեռքբերումների տարի:
Թող Նոր տարին զերծ պահի մեզ ամեն տեսակ փորձությունից, և հաջողությամբ պսակվեն մեր բոլոր ազգանվեր գործերը:
Թող Սուրբ ծննդյան լույսն առաջնորդի աշխարհասփյուռ հայությանը՝ ի բարօրություն և ի միասնություն Հայաստանի Հանրապետության, Արցախի և Հայկական սփյուռքի:
Սիրով և բարեմաղթանքներով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կառույցների ղեկավարներին.
Ձերդ գերազանցություն պարոն դեսպան,
Սիրով շնորհավորում եմ Ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ, որ 2014-ը դառնա անձնական և աշխատանքային հաջողությունների տարի:
Թող նոր տարին դառնա մեր երկրների հետագա համագործակցության զարգացման և մեր ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդման տարի:
Հարգանքով՝
Հրանուշ Հակոբյան