ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակին ընդառաջ՝ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Հունիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունները և 11-րդ բանակումը կազմակերպելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստին մասնակցում էին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության ատենապետ Դավիթ Հակոբյանը, ներկայացուցիչներ  ՀՀ արտաքին գործերի, կրթության և գիտության, մշակույթի, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների,  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից, ՀՀ ոստիկանությունից, Երևանի քաղաքապետարանից, ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունից:

Բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարարը նշեց, որ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունները և 11-րդ բանակումը պետք է անցկացվեն հավուր պատշաճի և բարձր մակարդակով: «Անգնահատելի և անուրանալի է ՀՄԸՄ-ի դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և սկաուտական շարժման զարգացման գործում»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:

«Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության ատենապետ Դավիթ Հակոբյանը նշեց, որ հանդիպումներ են եղել ՀՀ նախագահի, վարչապետի, պաշտպանության և սփյուռքի նախարարների հետ, և կազմակերպության  100-ամյակի բոլորը ծրագրերը վերահաստատվել են, կազմակերպման ընթացքի մեջ են:

ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Օշին Փիրումյանը հանգամանորեն ներկայացրեց 100-ամյակի ծրագիրը, և քննարկման միջոցով բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները ճշտեցին իրենց անելիքները, միջոցառումների վերջնական ժամանակացույցը: Օշին Փիրումյանն ընդգծեց, որ հուլիսի 19-29-ը Հայաստանում են լինելու 22 երկրից ժամանած 1200 սկաուտներ, իսկ բանակումը տեղի է ունենալու ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի՝ Բյուրականի կենտրոնական բանակավայրում:

ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման մասին զեկուցեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի փոստի վարչության պետ Ծովինար Գալստյանը:

Scroll Up