«Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովն ամփոփեց աշխատանքները

Սեպտեմբերի 20-ին` «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովն ամփոփեց իր աշխատանքները:

Համաժողովի փակման լիագումար նիստը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նա գոհունակությամբ նշեց, որ համաժողովի աշխատանքներն ընթացան արդյունավետ և և այսօր ամփոփում է արդյունքները: «Ձեր բոլոր հարցադրումները, կարծիքներն ու առաջարկները տեղ կգտնեն նախարարության և համաժողովի կայքում, կդառնան մեր հետագա գործունեության ուղենիշ», – հավելեց Հրանուշ Հակոբյանը:

Համաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Արա  Բաբլոյանը: Նա մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի նախօրյակին: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար: Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է: Ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար: Այդ է վկայում նաև տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը»:

Համաժողովն ամփոփեց արդյունքները չորս ուղղություններով:

«Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» ուղղության քննարկումների արդյունքներն ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը:

«Արտաքին քաղաքականության օրակարգ» ուղղության քննարկումների արդյունքները ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքներն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովն ընդունեց հայտարարություն:

Scroll Up