«Հայոց լեզվի հրեշտակը մեր ընտանիքում տատիկս է». «Արի տուն» ծրագրի իսպանաբնակ մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի հետաքրքիր մասերից մեկն էլ ճամբարային առօրյան է, որի ընթացքում սփյուռքահայ երեխաները մասնակցում են հայերենագիտության դասերի, սովորում են հայկական պարեր ու երգեր, քանդակագործության ու մաքրամեի դասեր են անցնում, զբաղվում սպորտով: Նրանց մի մասը գերադասելի է համարում Հայաստանի տեսարժան վայրեր այցելելը, մյուս մասը՝ ճամբարային առօրյան է գերադասում: Աղավնաձորի գեղատեսիլ բնության գրկում գտնվող «Արի տուն» ճամբարում հանգստացնող սփյուռքահայ երեխաներից շատերն այնքան են մտերմանում, որ արցունքներով են բաժանվում իրենց նոր ընկերներից ու հայաստանյան գեղատեսիլ բնությունից:
«Հայերն այսօր»-ի համար հարցազրույցի ընթացքում ինձ հիացրեց ու զարմացրեց հեռավոր Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ծնված ու մեծացած Մարիետա Բաբայան-Սարգսյանի մաքրամաքուր հայերենը, քանի որ աղջիկը հաճախում է իսպանական դպրոց, ապրում է իսպանացիների միջավայրում:
-Մարիետա՛, անթերի խոսում ես մայրենիով. ումի՞ց ես սովորել հայոց լեզուն, ո՞վ է ընտանիքում պահում հայոց լեզուն:
-Տատիկս իսպաներեն չգիտի, և ես նրա հետ խոսում եմ հայերենով. հայոց լեզվի հրեշտակը մեր ընտանիքում տատիկս է: Նա՛ է հայկական ավանդույթների պահապանը: Ես շատ եմ սիրում մեր լեզուն, հպարտ եմ, որ այն աշխարհի հնագույն ու հարուստ լեզուներից է: Երբ դպրոցն ավարտեմ, ուզում եմ ուսուցչուհի դառնալ:
-Առաջին անգա՞մ ես Հայրենիքում:
-Ոչ, էլի եմ եկել. այստեղ ազգականներ ունենք, նրանց տանն էլ մնում եմ:
-Մարիետա՛, այս ծրագրի շրջանակներում ի՞նչն է քեզ ամենից շատ դուր եկել:
-Տեսարժան վայրերը, հայկական եկեղեցիները, հայկական պարեր սովորելը, ուտելիքը, հատկապես՝ խորովածն ու քաբաբը:
– Եթե հնարավոր լինեիր, դարձյալ կմասնակցեի՞ր այս ծրագրին:
-Այո՛, սիրով կգայի, որովհետև այստեղ ես նոր ընկերներ ձեռք բերեցի և ավելի լավ ճանաչեցի Հայրենիքս:
-Իսկ ու՞մ հետ ես ավելի սիրով շփվում:
-Առաջին հերթին՝ հայաստանցիների, նաև՝ Ռուսաստանից եկած իմ հասակակիցների: Այս ծրագիրն իմ իմացած երիտասարդական լավագույն ծրագրերից է:
Շնորհակալությու՛ն, Հայրենիք, շնորհակալությու՛ն, Սփյուռքի նախարարություն:
Զրուցեց Կարինե Ավագյանը