Հորդանանահայ բարերարները հանդիպեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին

Հուլիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Հորդանանի Ազգային մարզական միության ատենադպիր Հակոբ Սերպեքյանը, Հորդանանի ազգային մարզական միության անդամ Սարգիս Սանջյանը, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Էդիկ Մարտիրոսյանը, Անդրանիկ Աթալյանը և Խաչատուր Օհանյանը:

Ֆիրդուս Զաքարյանը ներկաներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: «Ուրախ եմ, որ հայ զինվորի նկատմամբ համընդհանուր սեր ու հարգանք կա, քանի որ նրանց առաքելությունն ու գործն իրոք անգնահատելի է: Եվ առավել ուրախ եմ, որ Հայրենիքից դուրս ևս կան մեծաթիվ բարերարներ, հայրենասեր մարդիկ, որ պատրաստ են ցանկացած պահի կանգնել հայ զինվոր կողքին ու զորավիգ լինել նրանց: Այդպիսիք են այսօր Հորդանանից ժամանած մեր հյուրերը»,-ընդգծեց Ֆիրդուս Զաքարյանը:

Հորդանանի Ազգային մարզական միության ատենադպիր Հակոբ Սերպեքյանը իր երախտիքի խոսքն ասաց Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներին: Նա մասնավորապես նշեց. «Զենքը պատերազմի ելքը որոշող միակ հանգամանքը չէ: Առավել կարևոր է կամքը, կռվի ոգին, որոնք առկա են մեր զինվորների մեջ: Թող Աստված ուժ տա ձեզ Հայրենիքը ավելի հզորացնելու, ուժեղ դարձնելու համար: Հավատացեք, դժվարությունները կանցնեն: Կառուցեք ձեր ապագան Հայաստանում»:

Այնուհետև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Էդիկ Մարտիրոսյանը, Անդրանիկ Աթալյանը և Խաչատուր Օհանյանը պատմեցին Ապրիլյան քառօրյային իրենց մասնակցության մասին, նշեցին, որ անգամ վիրավորվելուց հետո չեն նահանջել, ցանկացել են շարունակել մարտը:

Հանդիպման ավարտին Հորդանանի Ազգային մարզական միության ատենադպիր Հակոբ Սերպեքյանը, Հորդանանի ազգային մարզական միության անդամներ Սարգիս Սանջյանի և Հակոբ Հակոբյանի անունից Էդիկ Մարտիրոսյանին, Անդրանիկ Աթալյանին և Խաչատուր Օհանյանին հանձնեցին դրամական օգնություն:

Scroll Up