ՀՀ սփյուռքի, մշակույթի և առողջապահության նախարարները ստորագրեցին համատեղ հրամաններ

Մարտի 23-ին Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի, ՀՀ մշակույթի և ՀՀ առողջապահության նախարարները ստորագրեցին  համատեղ հրամաններ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Հայաստան-Սփյուռք գործակցության, առողջապահության բնագավառում Սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման, Սփյուռքում հայապահպանության օժանդակման, Հայաստանում և Սփյուռքում միջոցառումները համատեղ ու արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Հայաստան-Սփյուռք գործակցության, մշակութային համագործակցության զարգացման, սփյուռքում հայկական մշակույթի տարածման և հայակական արժեքների քարոզման, հայապահպանության օժանդակման և հայրենասիրության սերմանման, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում մշակութային ոլորտում միջոցառումները համատեղ ու արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:

Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու են համակարգող հանձնաժողովներ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  նշեց. «Հայաստանի Վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս նշել է, որ Սփյուռքի  անմիջական մասնակցությամբ Հայաստանը հնարավորություն կունենա արագ արդյունքներ արձանագրելու առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալու տնտեսական, առողջապահական, կրթական, մշակութային առաջատար համակարգեր: Այսպիսի համատեղ հրամանների ստորագրումով մենք պիտի փորձենք գտնել նոր կառուցակարգեր և ճանապարհներ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի ներուժը Հայաստանում օգտագործելու և Սփյուռքում հայապահպանությունն իրականացնելու ուղղությամբ»:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Մշակույթի և Առողջապահության նախարարներին՝ համագործակցելու պատրաստակամության համար:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ևս շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին նման նախաձեռնության համար՝ նշելով. «Այս հրամանները ենթադրում են հստակ գործողությունների ծրագրեր, և մի քանի ամիս անց մենք արդեն կխոսենք արդյունքների մասին»:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորեց Հայաստանի անկախության տարիներին Սփյուռքի հայ մասնագետների, բժիշկների դերը՝ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: «Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ հայ բժիշկների և բուժակների համար նորանոր աշխատատեղեր ստեղծելու համար», – հավելեց նա:

%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%b41%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%b42

Scroll Up