ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալական նամակ է հղել Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴ ԲԱՐՁՐԱՇՆՈՐՀ
ՏԵՐ ԵԶՐԱՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ
Սրբազա´ն Հայր,
Իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեր ցուցաբերած ջերմ ընդունելության համար. Մոսկվայի հայկական նորակառույց վանական հոյակերտ համալիրի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հանդիսությունների սրահում մեր հայրենակիցների հետ կազմակերպված ազգահավաք հանդիպման ընթացքում հնարավորություն ընձեռեցիք ինձ այս լուսավոր կամարների ներքո առաջինը խոսք հնչեցնելու՝ ուղղված այն հարյուրավոր հայորդիներին, որոնց ջանքերի գրագետ համադրությամբ, բարերարությամբ, ազգասիրությամբ ու նվիրումով Մոսկվայի սրտում վեր խոյացավ այս հրաշագեղ Տաճարը:
Վստահ եմ, որ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին Ձեր տիրախնամ առաջնորդությամբ ռուսահայ իրականության մեջ կատարելու է հոգևոր-մշակութային, կրթա-դաստիարակչական, հայ ազգային-քրիստոնեական մտածելակերպի բաղադրատարրերով հագեցած դարբնոց-կենտրոնի դեր և ի զորու է լինելու Ռուսաստանի հայ համայնքի հոգում անմար պահել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հաղորդած Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղի լույսը:
Ձեր նվիրյալ հոգատարությամբ և ջանադրությամբ օրեցօր հարստանում և ամբողջանում է հոգևոր-մշակութային այն գանձարանը, որը կարևորագույն ազդակ է հաղորդելու հայապահպանության և ազգային-քրիստոնեական արժեքների պահպանմանն ու տարածմանը:
Ձեր ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության, որդեգրած հմուտ և ճկուն աշխատաոճի շնորհիվ է, որ այսօր Հայոց թեմի շուրջն է համախմբվել Սփյուռքի ամենահոծ համայնքներից մեկի՝ ռուսահայության ստվար հատվածը, որի ուծացման վտանգը մտահոգիչ է ու անհանգստացնող, բայց և ուրախացնող, որ Ձեր բոլոր ծրագրերը կյանքի են կոչվում հենց այդ առաքելությամբ՝ հային հայ պահելու, ազգային արժեքները փոխանցելու և տարածելու ձգտումով:
Հիրավի, այսօր մեր պետության համար կարևոր է պահպանել հայ-ռուսական դարավոր բարեկամության ավանդույթները և զարգացնել երկու պետությունների միջև նոր հարաբերությունները:
Անուրանալի Է Ձեր ներդրումը միջեկեղեցական հարաբերությունների հաստատման և զարգացման, քույր եկեղեցիների հետ ջերմ կապեր հաստատելու գործում: Հպարտություն է մեզ համար Տարածաշրջանի հասարակական բարեգործական հիմնադրամի և Մոսկվայի խաղաղության հիմնադրամի օրդենի աստիճանով Ձերդ Սրբազնության պարգևատրումը:
Մաղթում եմ, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմը Ձեր առաջնորդությամբ նույնքան նվիրումով ու սիրով շարունակի հավատք ներշնչելու սուրբ առաքելությունը, իսկ հավատավոր հայ համայնքն ու նրա բարերարները միշտ աջակից լինեն հոգևոր ավանդների պահպանման ու տարածման ազգանվեր գործին:
Մենք վստահորեն շարունակելու ենք Ձեզ հետ աշխատանքը, որպեսզի հայորդաց տների, ձեր մշակութային խմբերի մասնակցությունը այսուհետ էլ առավել աշխուժացում բերեն մեր ծրագրերին:
Թո´ղ Աստծո Ամենակարող Աջը միշտ հովանի լինի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին, Ձեզ, Սրբազա´ն Հայր, և ողջ ռուսահայությանը:
ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ