Սփյուռքյան համայնքները միանում են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը
Դեռևս հաշված օրեր են անցել ՀՀ սփյուռքի նախարարության հնչեցրած համահայկական կոչից՝ 2017 թվականը համայն հայության համար դարձնելու Արցախի տարի, և արդեն բազմաթիվ արձագանքներ կան սփյուռքյան համայնքներից, հայկական դպրոցներից ու միություններից:
«Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» խորագրով շարժման հայտարարությունը տարածվել է Սփյուռքի մի շարք լրատվամիջոցներում, ինչի արդյունքում քիչ չեն նաև այս կամ այն նախաձեռնությամբ հանդես գալու առաջարկ ներկայացրած կառույցները:
Ալմելոյի և Նոր Ջուղայի հայկական համայնքներն արդեն իսկ իրականություն են դարձրել իրենց նախաձեռնությունը: Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Ալմելոյում՝ Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում, տեղի է ունեցել «Աջակցել Լեռնային Ղարաբաղին» ակցիայի գործողությունների մասին միջոցառումը: Իսկ Նոր Ջուղայում աշնանային մթերքների վաճառք են կազմակերպել՝ ի զորակցություն արցախահայությանը:
Ռուսաստանի Դաշնության Ուֆա և Օբնինսկ քաղաքներում գործող կիրակնօրյա հայկական դպրոցների, Քուվեյթի ազգային վարժարանի սաներն էլ միացել են հայկական աշխարհում ձեռնարկը հանրայնացնելու կոչին՝ «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» գրությամբ պաստառներով լուսանկարներ տեղադրելով իրենց էջերում:
Նշենք, որ Եվրոպաի, ԱՄՆ-ի ու Ռուսատանի մի շարք համայնքներում առաջիկա օրերին ևս տեղի կունենան Արցախին նվիրված մշակութային, բարեգործական միջոցառումներ, որոնց մասին տեղեկատվությունը «Հայերն այսօր»-ը կներակայացնի իր էջերում: