Ամենօրյա Շարժում՝ հանուն Արցախի

«Գանձասար»-ի յառաջիկայ թիւերով լոյս պիտի ընծայենք Արցախի զօրակցութեան եւ Սփիւռքի Նախարարութեան կոչին արձագանգող հայ գաղութներու բազմաբնոյթ աշխատանքները, մեր կարգին կոչ ուղղելով սուրիահայ միութիւններուն` իրենց կարելին ընելով արձագանգելու այս շարժումին ու սուրիահայուն վայել հայրենասիրութեամբ զօրավիգ կանգնելու Արցախին:

Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյան

2016թ. հոկտեմբերի 20-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության  նախաձեռնությամբ  Երևանում, անուհետև Արցախում տեղի ունեցած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողվի մասնակիցներն առաջարկեցին կյանքի կոչել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:

Արցախում աշխարհի 31 երկրից միջոցառմանը մասնակցած շուրջ 140 լրագրողներ հանդիպեցին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ պաշտպանության ախարար Լևոն Մնացականյանի հետ, եղան առաջնագծում, ծանոթացան սահմանապահ զինվորների առօրյային, անձամբ տեսան և զգացին թշնամու կողմից սպառնացող վտանգը ծանոթացան ԼՂՀ ձեքբերումներին ու խնդիրներին, առաջնահերթություններին:

Նրանցից  յուրաքանչյուրն առավել  խորությամբ գիտակցեց, որ Ղարաբաղը ոչ միայն հակամարտությունների գոտի է, ոչ միայն մեր Հայրենիքի խաղաղության ու անկախության գրավականն է, այլև զարգացող, ծաղկող, ժողովրդավար երկիր է, որ կարիք ունի յուրաքանչյուր հայի աջակցության՝ անկախության ճանաչման, պաշտպանության, սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական խնդիրների լուծման գործում:

Հայ լրագրողները, կարևորելով իրենց դերակատարությունը և պատասխանատվությունը՝ Արցախում տեղի ունեցած ամփոփիչ նիստի ժամանակ որոշեցին Սփյուռքի նախարարության հովանու ներքո կյանքի կոչել  «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը, որը Հայաստանում և Սփյուռքում տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների ու ձեռնարկների միջոցով միտված է զարգացնելու ու տարածելու ազգային տուրքի գաղափարը, երեխաների, երիտասադության և հասուն, կարող ուժերի մեջ արթուն պահելու սեփական ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցումը, Հայրենիքին և մասնավորապես՝ Արցախին օգնելու, սատար կանգնելու գաղափարը: Սփյուռքահայ լրագրոցները համոզված են, որ շարժումը կնպաստի երիտասարդների ազգային ինքնության պահպանմանը, ԼՂՀ անկախության ճանաչմանը, պաշտպանունակության բարձրացմանը, սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական խնդիրների լուծմանը:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման նախաձեռնողները կարծում են, որ այն կարող է դառնալ դրական ազդակ և նպաստել համայնքային կյանքի կազմակերպմանը, համախմբմանը՝ Հայրենիքի զարգացման գաղափարի շուրջ:

Շարժման շնորհիվ կավելանան սփյուռքահայերի՝ Հայրենիք և, մասնավորապես Արցախ՝ այցելությունները, կզարգանա զբոսաշրջությունը: Մշակվելու և իրականացվելու են ծրագրեր, որոնք կնպաստեն ներդրումների խթանմանը:

Շարժումը մեկնարկել է և գնալով տարածվում է, նոր թափ ստանում:  Հրապարակվեց կոչ, որը տարածվեց, պատրաստվեց շարժման խորհրդանիշը՝ Արցախի պապի և նանի պատկերով, շարժման վերաբերյալ տարածվեց տեղեկատվություն: Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ղեկավար, Լիբանանի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը շարժման վերաբերյալ հրապարակեց  հայեցակարգային հոդված, մի շարք առաջատար լրատվամիջոցների խմբագիրներն ու լրագրողները ևս հանդես եկան շարժմանը սատարելու հրապարակումներով:

Շարժմանն արդեն միացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի մի շարք երկրների,  Լիբանանի, անգամ Սիրիայի համայնքային կառույցները, բազմաթիվ դպրոցներ, լրատվամիջոցներ, մասնագիտական ընկերակցություններ անհատ բարերարներ: Իրականացվում են տարանբույթ միջոցառումներ:

Շարժմանը դրական ազդակներ հաղորդող առաջին քայլերը Սփյուռքի դպրոցականների լուսանկարներն են՝ շարժման պաստառներով, որոնք  տեղադրվում են նախարարության կայքերում և տարածվում:

 Չափազանց տպավորիչ է հատկապես  երեխաների նախաձեռնությունները՝ Արցախի իրենց հասակակիցներին սատարելու նրանց գործնական քայլերը:

 Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արցախի դպրոցներից յուրաքանչյուրը քույրացվելու է Սփյուռքի որևէ դպրոցի հետ:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցը որևէ կառույցի, անհատի կողմից հրաման, ցուցում կամ հարցում չէ՝ ուղղված հայ մարդուն. այն ընդունվել է՝ որպես մեր միտքն ու հոգին արթուն պահող, մեզանից յուրաքանչյուրին զգաստացնող, յուրաքանչյուրի կողմից ինքն իրեն ուղղված հարց:

Առաջիկայում նախատեսվում է իրականացնել նորանոր ծրագրեր ու միջոցառումներ, նոր ձեռնարկներ, որոնց վերաբերյալ և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի ու Արցախի հանրությունը պարբերաբար կիրազեկվի:

Լիահույս ենք, որ այս շարժումը ամեն օր պիտի նորոգվի ու ամեն երեկո, ինչպես մեծ զորավարն էր պատգամում, գլուխը բարձին դնելուց առաջ յուրաքանչյուր հայ ինքն իրեն պիտի հարցնի՝ ինչ ես արել քո Հայաստանի,  քո Արցախի համար:

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ Էվելինա Բաղդասարյան

Scroll Up