Մասնակիցները գալիս են տարբեր երկրներից և վերջում դառնում մեկ ընտանիք. «Արի տուն»-2016
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/արի-տուն.jpg)
Արդեն պատմություն է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն»-2016 ծրագիրը: Ծրագրի շնորհիվ ծանոթանալով Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, 4 օր շարունակ հյուրընկալվելով Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում՝ մասնակիցները մեկնել են իրենց բնակության երկրներ, վերադարձել իրենց առօրյային:
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է մի փոքրիկ անդրադարձ «Արի տուն» ծրագրի առօրյայից:
Տիգրան Մալխասյանը, Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարի պետ
– Այստեղ յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր պատանի շատ թանկ է ինձ համար, այնքան, որքան կարող է թանկ լինել իր եղբոր, ծնողի համար: Երբ պատասխանատու ես՝ պետք է ճիշտ վերաբերվես, աշխատես: Իսկ քո աշխատանքի պատասխանը երեխաների ժպիտներից արդեն պարզ է դառնում: Ինձ համար այնքան էլ կարևոր չէ, որ երեխաները պրոֆեսիոնալ երգել կամ պարել սովորեն, կարևոր է, որ այստեղից ինչ-որ բան սովորած գնան: Ես ինքս ապրել եմ արտերկրում` ՌԴ-ում, ու երբ վերադարձա Հայաստան, շատ հարազատ զգացողություն ունեցա, հասկացա, որ վերջապես տանն եմ: Այն ընդունելությունը, որը ես եմ ստացել, ուզում եմ, որ այս երեխաներն էլ ստանան: Իմ երազանքն է, որ բոլոր սփյուռքահայերը հետ գան Հայաստան:
Իմ տպավորություններն ու զգացողությունները չեմ կարող խոսքով արտահայտել. երբ տեսնում եմ երեխաները ժպիտով, ուրախությամբ են գալիս ճամբար, դա արդեն ամեն ինչից վեր է: Բոլոր մասնակիցներն էլ լավն են: Նրանք բոլորը տարբեր երկրներից են, տարբեր դաստիարակություն, մտածելակերպ ունեն, բայց մենք վերջում արդեն դառնում ենք ընտանիք, բոլորը դառնում են միանման: Իմ ցանկությունը է նաև, որ այս երեխաները, երբ վերադառնան իրենց բնակության երկրները, իրենց հայ ընկերներին պատմեն Հայաստանի մասին:
Շատ ուրախ եմ, որ ես ու իմ ջոկատավարները կարողանում ենք երեխաներին օգնել: Հաճախ եմ տեսնում, թե հայրենագիտության դասերին ինչպես են ջոկատավարներն օգնում այն երեխաներին, որոնք հայերենին չեն տիրապետում, բայց ուշադրությամբ լսում են ու ցանկանում սովորել:
Հորդորս է բոլոր հայերին, որ մեր լեզուն, մշակույթը չմոռանան: Ես շատ ուրախ եմ, որ 4 փուլ առիթ ու պատիվ ունեցա աշխատելու այս երեխաների հետ, որոնք սկզբում մոլորված հայացքներով նայում էին շուրջբոլորը: Իսկ վերջին օրերին արդեն աչքերի մեջ հստակ կարելի էր կարդալ. «Ես հայ եմ, մենք բոլորս հայ ենք, մի մեծ ընտանիք ենք»:
Ինձ համար դժվար է լինելու առանց ճամբարի, երեխաների, ցանկություն կա միշտ, ամբողջ տարի աշխատել նրանց հետ: Ես պատրաստ եմ օր ու գիշեր ամեն ինչ անել, որ երեխաների համար ամեն ինչ լավ լինի:
Վերջում կուզեի շնորհակալություն հայտնել ճամբարի ղեկավարներին՝ Արարատ և Աիդա Հովակիմյաններին, բոլորիս ջերմ ընդունելու և սեփական երեխաների նման վերաբերվելու համար:
Արսեն Ավետիսյան, պարուսույց
-Շատ հաճելի էր շփվել տարբեր երկրներից ժամանած երեխաների հետ, որոնք գալիս են մի քանի օրով ու այստեղ դառնում մեկ ընտանիք: Երբ տեսնում էի երգի դասերին ինչպես են երեխաները միասնական երգում մեր Օրհներգը, մեծ հպարտություն էի զգում: Միասին սովորում էինք պարել հայկական քոչարին, որը յուրաքանչյուր հայ պետք է իմանա, քանի որ դա մեր ազգային պարն է, մեր նկարագիրը: Եղել են երեխաներ, որոնք ցանկություն են հայտնել անհատական հայկական պարեր սովորել, ինչն ինձ շատ է ուրախացրել:
Աղազարյան Դերենիկ, ծրագրի մասնակից
– Իրանից ընտանիքիս հետ Հայաստան ենք տեղափոխվել 11 տարի առաջ: Այս ծրագրին առաջին անգամ եմ մասնակցում, շատ լավ զգացողություններ ունեմ: Ծնողներս նախարարությունից էին տեղեկացել, որ կարող եմ մասնակցել ծրագրին, ուստի որոշեցի առիթը բաց չթողնել: Շատ ուրախ եմ, քանի որ ծրագրի շնորհիվ ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ միասին շատ լավ ժամանակ անցկացրինք:
Նորավանքում, Խոր Վիրապում և Կեչառիսի եկեղեցում չէի եղել ու անչափ տպավորված եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և նախարարության աշխատակիցներին, որ ինձ ու ինձ նման պատանիներին առիթ ընձեռեցին մասնակցելու «Արի տուն» ծրագրին:
Տաթևիկ Հարությունյան, ծրագրի մասնակից
– Ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում, առաջին անգամ եմ մասնակցում «Արի տուն» ծրագրին: Շատ լավ ծրագիր է, որի ընթացքում մեզ ծանոթացնում են մեր հայրենիքի հետ, տարբեր վայրեր ենք այցելում: Եղել ենք Գառնիում, Գեղարդում, Մատենադարանում: Անչափ տպավորված եմ Գառնի հեթանոսական տաճարով և Գեղարդի վանքով: Օրերը շատ հետաքրքիր են անցնում նաև ճամբարում, ափսոս, որ ժամանակը շատ կարճ է: Ցանկություն կա կրկին մասնակցելու ծրագրին:
Արփի Պետրոսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի