Menu.am-ը և իր գործընկեր ռեստորանները` Սփյուռքի նախարարության կողքին
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն օրեր առաջ ուղիղ եթերում հայտարարել էր Menu.am-ի հետ համատեղ գործակցություն սկսելու մասին. «Այս համագործակցության շնորհիվ պետությունը, նախ, միլիոնավոր դրամներ է խնայում, և որ ավելի կարևոր է, մենք սրանով հիմք ենք դնում մասնավորի հետ նոր որակի, փոխվստահության մի յուրօրինակ համագործակցության մշակույթի»,-նշել էր նախարար Հայրապետյանը:
Այս գործակցության շնորհիվ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլի մասնակիցների սնունդն ապահովում է Menu.am սննդի արագ առաքման ծառայությունը:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Menu.am-ի տնօրեն Սևադա Բաղդյանն անդրադառնալով Սփյուռքի նախարարության հետ համագործակցությանը՝ նշեց, որ իրենց ծառայությունը մշտապես մասնակցել է տարբեր ծրագրերի, բարեգործական նախագծերի, սակայն սա առաջին դեպքն է, երբ համագործակցում է Կառավարության հետ։ «Համամիտ եմ Մխիթար Հայրապետյանի հետ։ Գործարար ոլորտն ու պետությունը պետք է համագործակցեն, որից երկուսն էլ կշահեն։ Ժամանակն է, որ մասնավորը և պետությունը դեմ դիմաց կանգնելու փոխարեն, կանգնեն կողք կողքի։ Երբ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը դիմեց քաղաքացիներին՝ հուլիս ամսին «Արի տուն» ծրագրի անցումային փուլի երեխաներին հյուրընկալելու համար, մենք մտածեցինք, որ հավանաբար շատերը կցանկանան իրենց տանն ընդունելու սփյուռքահայ երիտասարդների, սակայն ծրագրի ընթացքում հնարավոր է առաջանան մասնակիցներին սննդով ապահովելու դժվարություններ։ Այդ պատճառով Menu.am-ը որոշեց այդ աշխատանքը վերցնել իր վրա: Սփյուռքը մեր ամենամեծ կապիտալն է, հետևաբար, այն մշտապես պիտի զգա հայրենիքի աջակցությունը: Մենք պետք է փորձենք Հայասատան-Սփյուռք կապի օգտակար գործողության գործակիցն առավելագույնս բարձրացնել»,-ասաց Սևադա Բաղդյանը և հավելեց, որ իրենց աշխատանքում շատ են կարևորում նաև աջակցությունը նոր Կառավարությանը, քանի որ վերջինիս հաջողելը մեր երկրի հաջողության գրավականն է։
Խոսելով գործընկեր ընկերությունների մասին՝ Սևադա Բաղդյանը նշեց. «Տեղեկանալով Սփյուռքի նախարարության հետ Menu.am-ի համագործակցության մասին՝ մի քանի գործընկեր՝ «Wok & Roll», «Paraqari Shawarma and Thüringer Bratwurst Armenia», «TAO» չինական և ճապոնական ռեստորան, «Black Angus», «ՍԻՍ Նատուրալ» բնական հյութերի գործարան, ցանկացան միանալ այս գործընթացին, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»։
«Արի տուն» ծրագրի անցումային փուլին մասնակցում են պատանիներ ու երիտասարդներ աշխարհի բազմաթիվ երկրներից, որոնք ունեն տարբեր նախասիրություններ: Անդրադառնալով նրանց առաջարկվող ճաշացանկին՝ Սևադա Բաղդյանը նշեց, որ փորձում են մատակարարել հնարավորինս բազմազան ուտեստներ՝ շեշտը դնելով հայկական խոհանոցի վրա: «Մենք մշտապես հետադարձ կապի միջոցով տեղեկանում ենք երեխաների կարծիքների և ցանկությունների մասին: Այս պահին որևէ դժգոհություններ չունենք, բոլորը գոհ են»,- ասաց Սևադա Բաղդյանը:
Զրույցի վերջում այն հարցին, թե այլ համագործակցություն Սփյուռքի նախարարության հետ նախատեսվում է, Սևադա Բաղդյանը պատասխանեց. «Այս պահին «Արի տուն» ծրագրի շրջանակներում է, հետագայում մենք բաց ենք նոր համագործակցության համար»։