Լավագույն ապագայի շինարարներն այսօրվա երիտասարդներն են

Մեկնարկեց «Արի տուն-2016» ծրագրի 7-րդ փուլը. աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք ժամանած հայորդիները ծրագրի շրջանակներում կծանոթանան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, կայցելեն Մատենադարան, կլինեն կապուտակ Սևանում, կմասնակցեն հայոց լեզվի դասընթացներին, հիշարժան օրեր կանցկացնեն նաև Ծաղկաձորի «Արի տան» ճամբարում:  Նրանցից ոմանք ընդհանրապես չեն եղել Հայաստանում.  մի մասը շատ փոքր հասակում է եղել և գևեթե ոչինչ   չի հիշում: Իմ զրուցակից երկու տղաները՝ Գագիկ Ավագյանը Խարկովից և Նիկոլայ Ավետիս- Մոզերը Շվեյցարիայից, ասացին, որ եղել են Հայաստանում մի քանի անգամ, սակայն առանձնապես տեսարժան վայրեր չեն այցելել, հիմա հուսով են, որ այդ հնարավորությունը  լավագույնս կընձեռի «Արի տուն» ծրագիրը:

unnamed (1)

«Ես շատ եմ  եղել Հայաստանում,  սակայն առանձնապես  բան չեմ հիշում:  Մեր գերդաստանն իսկական  հայկական ավանդական  մի  օջախ է,  մի ամրոց. իմ պապիկը հայտնի բժիշկ Գագիկի Ավագյանն է,  ով,  ցավոք, երկու տարի առաջ  մահացավ. ես հպարտությամբ կրում եմ նրա թանկ անունը: Մեր ընտանիքը հայախոս է, հայրենասեր:  Հայրենիքում գտնվելն ինձ համար մեծ երջանկություն է:  Այս ծրագրի մասին իմացել եմ  հայկական համայնքից  և ցանկություն եմ հայտնել ծրագրի շրջանակներում շրջագայել Հայաստանում,  շփվել  աշխարհի տարբեր ծայրերից եկած իմ հասակակիցների հետ. ինձ հետաքրքրում է նրանց մտածելակերպը, կարծում եմ՝ մեկս մյուսից շատ բան կունենանք սովորելու: Ընդհանրապես,  համահայկական երիտասարդական ծրագրեր շատ պետք է լինեն. շա՛տ շնորհակալություն ՀՀ սփյուռքի նախարարությանը:  Ես չգիտեի,  որ  «Հայերն այսօր» լրատվական կայք կա, այսուհետ կհետևեմ բոլոր հրապարակումներին»,- ասում է Խարկովից եկած 17-ամյա Գագիկ Ավագյանը:

unnamed

«Ծնվել եմ  Ցյուրիխում, 14 տարեկան եմ. երեք անգամ եմ եղել Հայաստանում, շատ բան չեմ տեսել, հիմա հյուրընկալվել եմ քեռուս տանը: Դժվարանում եմ շփվել  մարդկանց հետ, որովհետև հայերեն չեմ խոսում ու չեմ հասկանում: Մայրս հայուհի է, հայրս՝ շվեյցարացի, մեր ընտանիքում ավելի շատ խոսում ենք ռուսերենով. իհարկե՛, մայրս  գիտի հայերեն, սակայն շվեյցարացի հորս համար ավելի  դյուրին է խոսել ռուսերենով: Մայրս ռուսաց լեզվի ուսուցչուհի է, հայրս՝ գերմաներենի:  Շատ բան չգիտեմ Հայաստանի մասին. կարծում եմ,  որ այս ծրագրի ընթացքում ավելի շատ կծանոթանամ մայրիկիս Հայրենիքին, ես ինձ նաև հայ եմ համարում. չէ՞ որ իմ երակներով հոսում է նաև հայկական արյուն, և  ես իմ մեջ զգում եմ այդ գենի ուժը:  Լսել եմ, որ Հայաստանը միշտ դժվար ճակատագիր է ունեցել և ստիպված է եղել շարունակ պայքարել իր տարածքների, հավատի, լեզվի, գոյատևման համար: Այս օրերի ընթացքում  կշփվեմ  հայաստանցի և դրսում ապրող   ազգությամբ հայ իմ հասակակիցների հետ, որի համար շատ ուրախ եմ. դա շատ կարևոր է ինձ համար: Չգիտեմ՝ որտեղ, որ  երկրում, որ քաղաքում եմ շարունակելու ուսումս, սակայն  հաստատպես որոշել եմ ստանալ տեխնիկական բարձրագույն կրթություն, լինել ֆիզիկայի լավ մասնագետ: Այսօր ողջ աշխարհը կառավարում են  նորագույն, նորարարական բարձր տեխնոլոգիաները: Շնորհակալ եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծել է այսպիսի ծրագիր»,- ասում է  Շվեյցարիայից եկած Նիկոլայ Ավետիս- Մոզերը:

Աշխարհագրական տարբեր տարածքներից Հայաստան եկած այս պատանիներին՝ տարբեր մտածելակերպով, տարբեր ավանդույթներով ու սովորույթներով, մի բան է միավորում, այն է՝ լավագույն  ապագայի   կառուցումը, որում առավել համոզված են հենց իրենք՝ երիտասարդները:

 Կարինե Ավագյան

IMG_7811

 

Scroll Up