«Արի տուն»-2016. Մեզ ամեն օր մի նոր հիշողություն, մի նոր զգացողություն է կապում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/արիտունցիներ.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը շարունակում է հայրենիքում հյուրընկալել աշխարհասփյուռ երիտասարդ հայորդիներին: Նրանք այստեղ սովորում են, ճանաչում հայրենի բնությունը և ամենակարևորը՝ ծանոթանում միմյանց հետ, հասցնում հարազատանալ, ստեղծել ընկերական ազնիվ հարաբերություններ, որոնք պահպանում են «Արի տան» ավարտից հետո էլ: Նրանցից յուրաքանչյուրը ունի այն ըմբռնումը, որ հայրենիքն, իսկապես, իր տունն է, և ինքը օրերից մի օր ականջալուր է լինելու «արի´ տուն» հորդորին ու մշտապես գալու է հայրենիք, գալու է տուն:
Սերլին, Շուշանը, Ժեննին և Մարգարիտան հայրենիք են եկել Մերձավոր Արևելքի հայկական համայնքներից՝ Սիրիայից և Լիբանանից: Շուշանը և Ժեննին իրենց ընտանիքների հետ արդեն իսկ տեղափոխվել են հայրենիք՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով: Երբ նրանց հարցրեցի, թե արդյո՞ք իրենք կցանկանան հետ վերադառնալ, երբ Սիրիայում պատերազմը ավարտվի, դեռևս հարցը մինջև վերջ չունկնդրած՝ նրանք միանգամից ընդհատեցին ինձ. «Մենք Հալեպը կարոտում ենք, բայց ընդմիշտ մնալու ենք այստեղ, այլևս հետ չենք գնալու: Հայաստանը մեր հայրենիքն է, մենք եկել ենք հայրենիքում ապրելու, սովորելու, Հայաստանում լավ հայ լինելու համար»:
Նրանք արդեն իսկ մտերիմ ընկերներ են ձեռք բերել՝ լիբանանահայեր Սերլիին և Մարգարիտային: «Ճիշտ է՝ համեմատաբար նոր ենք իրար ճանաչում, սակայն «Արի տունը» մեզ ամեն վայրկյան ավելի է մտերմացնում: Մի հայտնի խոսք կա՝ Մարդուն ուզում ես ճանաչել՝ հետը ճանապարհ գնա և հաց կիսիր: Մենք իրար հետ համարյա ամեն օր ճանապարհ ենք գնում, ճամփորդում Հայաստանով մեկ, և մի սեղանի շուրջ ենք նստում: Այսինքն՝ ամեն օր իրար ավելի լավ ենք ճանաչում, մի նոր տեսանկյունից բացահայտում, և դա ավելի սերտ է կապում մեզ»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում նշում է Բեյրութից եկած Սերլին Մարգարյանը: «Այո´, մեզ ամեն օր մի նոր հիշողություն, մի նոր զգացողություն է կապում: Բայց նախևառաջ մեզ կապում է հայրենիքը, որը մեկն է: Մենք՝ հայերս, որ հեռու ենք գտնվում Հայաստանից, հայրենիքի մեկ այլ, ավելի ուրիշ ըմբռնում ունենք, քան մնացած ազգերը: Մեզ համար հայրենիքը և´ մեր տունն է, և´ մեր ամենասիրելի վայրն այս աշխարհում, և´ Արարատն է, և´ Արցախը: Երբեմն ասում են, չէ՞, Հայաստան-աշխարհ: Սա շատ խորը ձևակերպում է»,- միանալով զրույցին՝ նշում է Մարգարիտա Կոջամանյանը: Նա, հայրենիքից հեռու գտնվելով, փորձում է կարոտը փարատել հայկական պարերով, որոնք անսահման շատ է սիրում:
Հայուհիները, ինչպես Մերձավոր Արևելքի հայկական համայնքների ներկայացուցիչների հիմնական մասը, աչքի են ընկնում ոսկեղենիկ արևմտահայերենով: Մայրենին նրանց մտքի լեզուն է, որով խոսում են անկաշկանդ, առանց բառեր որոնելու և հաճույքով: Նրանք հայերեն խոսում են այն համոզմունքով, որ դա այդպես էլ պիտի լիներ. մայրենին մեկն է, և երբ հայրենիքում ես, հոգին և լեզուն պիտի հաղորդակցվեն միայն հայերենով: Շուշանին և Ժեննիին արդեն իսկ բախտ է վիճակվել հայրենիքում ապրելու, մեծանալու, կրթությունը շարունակելու, զգալու Հայաստանի առօրյան, ապագայի հնարավորությունները: «Արի տունը» ևս մեկ օղակ է, որ ավելի ամուր կկապի նրանց հայրենի հողին:
Սերլին և Մարգարիտան ծրագրի ավարտից հետո Բեյրութ կվերադառնան, որտեղ իրենց ստեղծած փոքրիկ հայրենիքում կշարունակեն հայեցի ապրել և մեծանալ: «Ճիշտ է՝ մենք հեռու ենք Հայաստանից, սակայն մեզ լիակատար հայ ենք զգում: Մեր հայկական դպրոցում Հայաստանի շունչը կա, մեր ընտանիքներում պահպանվում է հայկական յուրաքանչյուր ավանդույթ, և մենք այդ ավանդույթները մեծ սիրով ենք պահպանում: Մենք գիտենք, որ հայ ենք, որ մեր արմատները Հայաստան են բերում, որ մեր պապերը այստեղ են ապրել, և դա մեզ պարտավորեցնում է արժանապատիվ հայ լինել»,- նշում են Սերլին ու Մարգարիտան:
Զրույցից հետո մեկնելով Գեղարդի բազմադարյա տաճար՝ հայուհիները խոստանում են աղոթել նաև իրենց հայրենիքի վաղվա օրվա համար, այն հայրենիքի համար, որը վերջնականապես կհամախմբի աշխարհասփյուռ հայերին իր գրկում:
Ամալյա Կարապետյան