«Սփյուռք» ամառային դպրոց-2016. Սփյուռքահայ ուսուցիչներն այցելեցին Երևանի թիվ 141 մանկապարտեզ

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացի մասնակիցներն այցելեցին Երևանի թիվ 141 գիշերօթիկ մանկապարտեզ: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ սփյուռքահայ ուսուցիչներին դիմավորեցին մանկապարտեզի աշխատակիցներն ու պատրաստակամորեն ծանոթացրեցին մանկապարտեզի առօրյային, կազմակերպեցին փոքրիկ շրջայց:

Մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանը ուսուցիչներին ներկայացրեց մանկապարտեզի ստեղծման պատմությունը և գործունեությունը:

Ուսուցիչները, ջերմ մթնոլորտում շրջելով մանկապարտեզում, ծանոթացան նաև այստեղ ապրող և սովորող փոքրիկների հետ, դիտեցին երեխաների ձեռագործ աշխատանքները:

Լուսինե Մատինյանը «Հայերն այսօրի» հետ զրույցում հայտնեց, որ մանկապարտեզ են հաճախում 300 երեխա, որոնց մի մասը նաև գիշերում է մանկապարտեզում: Մանկապարտեզը գործում է 24 ժամ և շուրջ տարի:

Մանկապարտեզը վերանորոգվել և ժամանակակից չափանիշներին է համապատասխանում նաև՝ շնորհիվ սփյուռքահայ բարերարների:

Ուսուցիչների հետ զրույցում մանկապարտեզի տնօրենն ասաց, որ շնորհակալ է Երևանի քաղաքապետարանին, որ հենց այս մանկապարտեզն են ընտրել ուսուցիչների այցի համար:

Մանկապարտեզ այցելությունը հատկապես հետաքրքիր էր սփյուռքահայ այն ուսուցիչներին, որոնք իրենց համայնքներում աշխատում են բողբոջ դասարանների հետ: Մանկապարտեզում նրանց հնարավորություն տրվեց ծանոթանալ ծրագրերին և դասընթացներին, որը նրանք կարող էին կիրառել և օգտագործել իրենց խմբերում:

Մանկապարտեզի փոքրիկները գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել՝ ուսուցիչներին ողջունելու և հանդիպումն առավել ջերմացնելու համար: Փոքրիկների ցուցադրած միջոցառումն այնքան գեղեցիկ էր, որ ուսուցիչների մեծ մասը հուզվեց:

Հանդիպման ավարտին Լուսինե Մատինյանը և մանկապարտեզի ողջ աշխատակազմը փոքրիկ հյուրասիրություն էին կազմակերպել Սփյուռքից ժամանած հյուրերի համար, ինչը շփումն առավել մտերմիկ, հետաքրքիր ու բովանդակալից դարձրեց:

Մանկապարտեզում թևածում էր հայրենասիրական ոգին: Ուսուցիչները նշեցին, որ շատ բան ունեն այս մանկապարտեզից իրենց հետ տանելու, հատկապես՝ մանուկների պայծառ ու ջինջ աչքերը, որոնք լի են հույսով ու հավատով:

«Շատ տպավորիչ և միաժամանակ հուզիչ էր մանկապարտեզ այցելությունը: Մենք ստացանք դրական լիցքեր ու հույզեր, որոնք կտանենք մեզ հետ: Շատ շնորհակալ եմ, որ բացի դպրոցներ այցելելուց՝ հնարավորություն ունենք նաև մանկապարտեզներին ծանոթանալու և մի քանի րոպե անցկացնելու փոքրիկների լուսավոր աշխարհում: Նրանք մեզ տեղափոխեցին դեպի մեր մանկություն»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց հունաստանաբնակ ուսուցչուհի Ամալյա Թադևոսյանը:

Լուսինե Գրիգորյան

«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի կամավոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի ուսանող

մանկապարտեզ6մանկապարտեզ5մանկապարտեզ մանկապարտեզ1մանկապարտեզ2 մանկապարտեզ4

Scroll Up