Մկրտությունից մինչև «Արի տուն». 13-ամյա հայ պատանին առաջին անգամ է Հայաստանում

ԱՄՆ Գլենդել քաղաքից Հայաստան եկած 13-ամյա Դավիթ Աբրահամյանն առաջին անգամ է Հայրենիքում: ԱՄՆ-ում ծնված ու մեծացած պատանին, ով հայերեն չգիտի, շփոթված է. «Արի տուն-2016»-ի 4-րդ փուլի հանդիսավոր բացման արարողությանը, երբ նրան հրավիրեցին բեմ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ծրագրի շապիկն ու գլխարկը հագնելու, տղան լաց եցավ…«Դավիթն ամոթխած է և հուզական»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում այսպես մեկնաբանեց որդու հուզմունքը՝ Դավիթի հայրը՝ Վիգեն Աբրահամյանը:
«Արի տուն» ծրագրի մասին վաղուց էի լսել, և որոշեցի, որ տղաս նույնպես գա ծրագրին մասնակցելու, որպեսզի կապվի Հայրենիքի, իր ժողովրդի հետ: Դավիթը շատ մեծ ցանկություն ունի հայերեն սովորելու: Քանի որ Գլենդելում հայկական դպրոց չի հաճախում, ցավոք, հայերեն չգիտի: Շատ ընդունակ երեխա է, հետաքրքրված է մաթեմատիկայով, դպրոցական օլիմպիադաների հաղթող է ճանաչվել»,-ասում է Վիգեն Աբրահամյանը, ով 27 տարի է, ինչ Հայրենիքից դուրս է ապրում: Ընտանիքում Դավիթը եղբայր ու երկու քույր ունի: Ի դեպ, մեծ եղբայրը՝ Հարութը, անցյալ տարի է եղել Հայաստանում և կամավորական ծրագրով սահմանամերձ գյուղերում աշխատել: Հենց նա է ոգևորել եղբորը, որ վերջինս նույնպես գա Հայաստան:
Բացի «Արի տանը» մասնակցելուց, Աբրահամյանները ևս մեկ կարևոր առաքելություն ունեին Հայրենիքում: «Մենք վաղուց մտադրվել էինք, որ փոքր տղայիս մկրտությունը Հայաստանում կատարենք: Իմանալով, որ Աբովյան քաղաքում իր անունով (Սուրբ Դավիթ) եկեղեցի կա, հենց այնտեղ էլ երեկ մկրտեցինք մեր Դավթին»,-պատմում է ընտանիքի հայրն ու հայացքը ուղղում դեռևս արցունքոտ աչքերով իրեն նայող տղային. «Դավիթը հիմա էլ շատ հուզված է. նրա համար ամեն ինչ այստեղ նոր է ու անծանոթ»,-եզրափակում է Վիգեն Աբրահամյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության՝ նման ծրագիր ստեղծելու և իրականացնելու համար: