Ճշմարտությունն ընդդեմ ազգային շահի. նոր պաստառ ԱՄՆ-ում

«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը մեծածավալ էլեկտրոնային վահանակ է բարձրացրել ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո քաղաքում, որով շնորհակալություն է հայտնում Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Հեղինե Գևորգյանը:
«Ճշմարտությունն ընդդեմ ազգային շահի» խորագրով գովազդային վահանակի մի կողմում ներկայացվել է Գերմանիայի դրոշը, իսկ մյուս կողմում՝ ԱՄՆ-ի Կապիտոլիումի շենքի գմբեթը, որտեղ ԱՄՆ-ի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը գալիս են միասին բանավիճելու և քննարկելու ազգային ու քաղաքական հարցեր:
«Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանն իր խոսքում ասել է. «Մեր կազմակերպության անունից շնորհակալություն ենք հայտնում Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, միաժամանակ զգոնության կոչ անում ԱՄՆ-ին խուսափել ջայլամի քաղաքականությունից՝ չստորացնելով ազգային դիմագիծը հանուն կոմերցիոն շահերի : Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում իմպերիալիստական Գերմանիան լինելով Օսմանյան կայսրության դաշնակիցը ունեցել էր իր մեղքի բաժինը՝ Հայոց ցեղասպանության իրագործումը խրախուսելով և արդարացնելով մարդկության դեմ հավասարը չունեցող ոճիրը: 1918 թ-ին Կոնստանդնուպոլսում իմպերիալիստական Գերմանիայի դեսպան Հանս Ֆրեյհեր վոն Վանգենհայիմը մի հարցազրույցում ասել էր.« Ես չեմ դատապարտում թուրքերին, այն ինչ անում են հայերի հետ, դրանք ամբողջությամբ արդարացված են»: Հավանաբար, այդ արդարացումն էր 1939 թ-ին մղել Հիտլերին կազմակերպել հրեաների զանգվածային բնաջնջումն ու հրկիզումը»:
Այսօր Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատասխանն էր ավելի քան կես դար առաջ Ադոլֆ Հիտլերի՝ «Այսօր ո՞վ է հիշում հայերի կոտորածները» արտահայտությանը: