Դալիթան «Կանչ»-ը նվիրել է զոհված հայորդիներին .տեսանյութ
ՀՀ սփյուռքի, պաշտպանության, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների աջակցությամբ Ազգային կինոկենտրոնը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կանչ» գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմի պրեմիրեան տեղի կունենա ապրիլի 20-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Քեսաբի ու Ադանայի կոտորածներից հետո կենդանի մնացած պատանիներ Վարդանն ու Միհրանը (մեկը բռնությամբ, մյուսը` կամա թե ակամա) հայտնվել են թուրքական ռազմական վարժարանում:
Վարդանն այլ ելք չունենալով՝ ենթարկվում է վարժարանի վարչակարգին, սակայն նրան երևացող մոր, հոր, պապի և քրոջ՝ Արաքսիի տեսիլքները անընդհատ հիշեցնում են պապի նվիրած մագաղաթյա Սուրբ գրքի մասին, որը խլել են թուրքերը…
Պատրաստ է նաև ֆիլմի համանուն տեսահոլովակը, որի սաունդթրեքը կատարում է երգչուհի Դալիթա Ավանեսյանը, իսկ նրան նվագակցում է փոքրիկ դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը:
«Առաջին անգամ էի վոկալիզի կատարումով հանդես գալիս: Հպարտությունս և հուզմունքս աննկարագրելի է, որ կարողացա մասնակցություն ունենալ ազգապահպան և հայրենանվեր այս գործում: Զուգադիպության, թե նախախնամության շնորհիվ՝ տեսահոլովակի պրեմիերան համընկավ Արցախում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների հետ, և ես կատարումս նվիրում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով վերջին օրերին Արցախի սահմանին զոհված հերոս հայորդիների հիշատակին»,-«Հայերն այսօրին» տեղեկացրեց երգչուհին: