Քուվեյթի հայկական եկեղեցին ու Ազգային Առաջնորդարանը նոր տարածք ունեն

Նոյեմբերի 5-ին Կիլիկո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. ընդունել է Քուվեյթի և շրջակայից Հայոց թեմի առաջնորդ Գերապատիվ Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբվյանի գլխավորած պատվիրակությանը, որի մաս էին կազմում թեմի Ազգային վարչության և Երեսփոխանական ժողովի ներկայացուցիչները: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից:

Պատվիրակությունը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ շնորհիվ իրենց քրտնաջան աշխատանքի, թեմը գնել է լայն հնարավորություններ ունեցող շենք, որտեղ պետք է տեղակայվեն եկեղեցին ու Ազգ. Առաջնորդարանը:

Տեղեկացնենք, որ երկար տարիներ եկեղեցին ու Ազգ. Առաջնորդարանը տեղեկայված էին մի շենքում, որի սեփականատերը օրինական միջոցներով պարտադրել էր, որ տարածքը վերադարձվի: Այդ պատճառով Ազգ. իշխանությունը ստիպված եղավ եկեղեցու ու Ազգ. Առաջնորդարանի համար այլ կառույց գտնել:

Եվ այսօր թեմը սեփականատեր է դարձել նոր տարածքի, որը գնել է 735,000 քուվեյթյան դինար (2,4 միլիոն ԱՄՆ դոլար): Տարածքի ներքին հարդարման ու կահավորման համար կպահանջվի 150,000 քուվեյթյան դինար (կես միլիոն դոլար): Թեմը պարտավոր է մինչև 2016 թվականի փետրվար 21-ը իր նյութական պարտավորությունը կատարել կալվածատիրոջ նկատմամբ:

Վեհափառ Հայրապետն իր խոր գոհունակությունն ու բարձր գնահատանքը հայտնեց թեմի Ազգ. իշխանությանն այս կարևոր ձեռքբերման համար: Վեհափառը շեշտեց եկեղեցու և Առաջնորդարանի տարածքի սեփականատերը դառնալու կարևորությունը և հույս հայտնեց, որ Քուվեյթի և շրջակայից թեմի մեր ժողովրդի զավակները, ինչպես նաեւ Արաբական ծոցի մեր ազգայինները և այլ շրջաններում հաստատված նախկին քուվեյթահայերն իրենց գործուն մասնակցությունը կբերեն հիշյալ տարածքի գնման ու կահավորման ծախսերին:

Քուվեյթ3Քուվեյթ Քուվեյթ2

Scroll Up