«Հայրենիքը հայության, հայոց լեզվի մատենադարանն է».Սերժ Մոմճյան

Մեծ Բրիտանիայից ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվել էր մեր հայրենակից, լրագրող ու վիպագիր Սերժ Մոմճյանն իր տիկնոջ՝ Նվեր Գևորգյանի հետ: Ստորև ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի թղթակցի հարցազրույցը գրողի հետ:

 

Պարո՛ն Մոմճյան, պատմեք խնդրում եմ Ձեր ստեղծագործական կյանքի, անցած ճանապարհների, 5 «հոգեզավակների»՝ Ձեր վեպերի մասին:

– Սիրո՛վ: Ես ծնվել եմ Լիբանանում, սակայն 1975թ. քաղաքացիական պատերազմի պատճառով տեղափոխվել եմ Ֆրանսիա՝ Փարիզ, այնուհետև՝ Մեծ Բրիտանիա՝ Լոնդոն: Փարիզում ապրած տարիներիս կապված եմ եղել «Յառաջ» թերթին, իսկ Լոնդոնում թղթակցել եմ «Daily star» օրաթերթին, որի թղթակիցն եմ եղել դեռևս Լիբանանում: Զբաղվել եմ լրագրությամբ և ստեղծագործել եմ 40 տարեկանից՝ գրելով 5 վեպ: Գրում եմ անգլերենով, սակայն փափագում եմ վերջին գործս՝ «Կոմիտաս. Արուեստագէտը եւ Զոհը» թարգմանել հայերեն: Գիրքը բաղկացած է 222 էջից, ունի 22 գլուխ, այն տպագրել եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Այս գործը ներկայացնում է Կոմիտասի երաժշտական գործունեությունը և ստեղծագործական կյանքի 3 կարևոր կետերը՝ բախումը իր և եկեղեցու միջև, իր յուրահատուկ հարաբերությունը Մարգարիտ Բաբայանի հետ և հոգեկան աստիճանի հասած հիվանդությունը:

Փաստեր կան, որ Կոմիտասը հոգեկան խանգարում չի ունեցել , Ձեր վեպում անդրադարձե՞լ եք այդ հարցին:

– Դրանք, հարկավ, ճիշտ են: Մեծ երգահանն ականատես չի եղել ջարդի տեսարանին, քանի որ մինչև Հայոց ցեղասպանությունը նրան արդեն աքսորել էին: Աքսորի ճանապարհին երկու անգամ թուրք ժանդարմներից հարվածներ էր ստացել: Բնականաբար, այդ սարսափելի աքսորը, Հայոց ցեղասպանության անօրինակ ոճիրը պետք է ցնցեին բոլորին, ինչպես նաև՝ Կոմիտասին, սակայն նա մտագար չէր, այնքան խելագար չէր, որ տանեին հոգեբուժարան: Առաջին աքսորից հետո, երբ վերադարձավ, տարան թրքական զինվորական հոգեբուժարան, որտեղ նա շատ անապահով էր զգում իրեն: Երկրորդ անգամ եղել է Փարիզի հանգստյան և հոգեբուժական հիվանդանոցում, 3-րդ անգամ իր ընկերները՝ Արշակ Չոպանյանը, Մարգարիտ Բաբայանը, Փոլ Քոլոլյանը (Փոլը հոգեբան-բժիշկ էր) ստեղծեցին մի կոմիտե, որպեսզի այդ միջոցով Կոմիտասին տեղավորեն ավելի էժան հիվանդանոցում, որը դարձյալ հոգեբուժարան էր… Կոմիտասը չէր ուզում գնալ հոգեբուժարան: Թերևս երգահան-բանաստեղծն ուներ հոգեկան որոշակի, չնչին խնդիրներ, սակայն հոգեբուժարանում դրանք ավելի շատացան: Եթե նա իր շրջապատ վերադառնար, կամաց-կամաց կկազդուրվեր, սակայն 3-րդ անգամ հոգեբուժարանում պառկելը, բժշկություն ստանալը նրան մահվան հասցրեց:

– Ես տեսնում եմ, թե որքան եք ուսումնասիրել մեծ երգահանի, բանաստեղծի, բանահավաքի, մանկավարժի կյանքի այդ մանրամասները. դա՞  է գրքի առանցքը:

– Գիրքն ամբողջությամբ առանցքային է՝ իր բոլոր բաժիններով: Ես գրել եմ այն մասին, թե ինչպես Կոմիտասին հաջողվեց ստեղծել նոր երաժշտական փիլիսոփայություն և դառնալ հոգևոր ոգեշնչման աղբյուր ՝ վերականգնելու եկեղեցական երաժշտությունը՝ միշտ դիմագրավելով կղերականության քննադատություններին ու արգելքներին: Վայելելով Գևորգ Դ կաթողիկոսի և Խրիմյան Հայրիկի սերն ու քաջալերությունը՝ հայ ժողովրդի երկար տարիների չարչարանքը Կոմիտասին մղեց հայ երաժշտարվեստը հասցնելու բարձր չափանիշների: Ներկայացրել եմ Կոմիտասին իբրև արվեստագետ ու զոհ, ով ազատվել էր մահվան ճամբարից, սակայն կրած տառապանքները նրան տանում են տարբեր հոգեբուժարաններ, ուր անց է կացնում 20 տարի: Գրել եմ Կոմիտասի և Մարգարիտ Բաբայանի երկարամյա բարեկամության մասին: Գրքում զետեղել եմ հատվածներ Կոմիտասի դասախոսություններից, Մարգարիտին ուղղված նամակներ, Ավետիք Իսահակյանի խոսքը Կոմիտասի մահվան առիթով: Երկար եմ աշխատել գրքի վրա և հույս ունեմ, որ ընթերցողներին այն շատ պիտի հետաքրքրի:

Պարո՛ն Մոմճյան, խոսենք նաև Ձեր մյուս վեպերի մասին:

– Իմ առաջին վեպը կոչվում է «Հակամարտությունների շարժառիթներ», 2-րդը կոչվում է «Անտեսանելի գիծը», 3-րդը վերնագրել եմ «Օպերայի երգչուհին»: Այս վեպը շատ հետաքրքրական է, հուզական. գլխավոր հերոսուհին իտալացի նշանավոր երգչուհի է, ով անձնական կյանքում դժբախտ է եղել և մեծ տառապանքներ է կրել: Նա իր կյանքը նմանեցրել է մադամ Բաթերֆլայի կյանքին: Ճիշտ նույն ձևով ընթանում է իմ հերոսուհու կյանքը, որն ավարտվում է բեմի վրա. հերթական ներկայացման ժամանակ երգելիս՝ օպերային երգչուհին ընկնում է բեմում ու մահանում: Հաջորդ գիրքս վերնագրել եմ «Անցյալի հիշողություններ». դա ջարդից փրկված Վարդան Աբելյանի պատմությունն է, ով ջարդի ժամանակ հորն ու մորը կորցնելուց հետո տեղափոխվում է Եգիպտոս, հետո ՝ Ամերիկա: Լինելով ակումբներում՝ լսում է Հայոց ցեղասպանության պատմության մասին, այնուհետ, օրերից մի օր, շատ տարիներ անց իմանում է, որ իր մայրը ողջ է տակավին և իսլամացած քուրդ է ու ապրում է Արևելյան Թուրքիայում: Նա գնում է այնտեղ, գտնում իր մորը: Մի խոսքով՝ այս վեպը հայության ճակատագրի դաժան պատմության, Ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայերի ոդիսականն է:

– Պարո՛ն Մոմճյան, Ձեր վեպերը հասանելի՞ են հայաստանյան ընթերցողներին, կա՞ն վաճառքում:

-Առայժմ՝ ոչ, սակայն մինչև Նոր տարի կկազմակերպենք այդ աշխատանքը: Վերջին գրքի առիթով մենք դիմել ենք «Բուկինիստ», «Գրափունջ», «Արթ Բրիջ» գրատներին: Դրսից կստանան իմ գիրքը, և տեղի ընթերցողները կկարողանան դրանք գնել Նոր տարուց հետո:

Ի՞նչ հաճախականությամբ եք լինում Հայաստանում:

-Անկախությունից ի վեր՝ առաջին անգամ եմ Հայաստանում, իսկ Խորհրդային տարիներին երկու անգամ եկել եմ: Եկել եմ, որ տեսնեմ անկախ Հայաստանը. ես և տիկինս շատ տպավորված ենք: Հայաստանում, Երևանում շատ փոփոխություններ կան դրական առումով, ժողովուրդը շատ ջերմ է , սիրալիր և հյուրասեր:

– Ձեր կրծքին տեսնում եմ Սփյուռքի նախարարությունից ստացած «Վիլյամ Սարոյան» մեդալը, որի առիթով սրտանց շնորհավորում եմ. ի՞նչ զգացողություն ունեցաք մեդալն ստանալիս և հետո:

– Այս մեդալով ինձ պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարար հարգարժան տիկին Հակոբյանը: Ինձ համար շատ մեծ խորհուրդ ունի մեծն Սարոյանի մեդալով պարգևատրվելը: Այժմ ես ավելի պարտավորված եմ զգում և հպարտ եմ, որ Վիլյամ Սարոյանի հաջորդներից եմ:

Մտադրություն  ունե՞ ք օրերից մի օր մշտական բնակության տեղափոխվել Հայրենիք:

– Անշո՛ւշտ: Այս այցիս Հայաստանում նաև մի փոքրիկ տուն գնելու մտադրություն ունեի: Լիբանանն իմ և կնոջս ծննդավայրն է, սակայն ապահով ու հուսալի չէ այնտեղ, անգլիացիները սառը ժողովուրդ են, Լոնդոնում շատ պաղ են մարդկային հարաբերությունները: Մի տուն պետք է գնեմ Հայրենիքում և ընտանիքով տեղափոխվենք: Մեկ զավակ ունեմ, ով սովորում է Լոնդոնի համալսարանում. նա համացանցի նորություններին է հետևում և, ցավոք, դրական բան չի կարդում Հայաստանի մասին, կայքերը պղտորում են մարդկանց սրտերը: Պիտի հոգամ, որ հաջորդ անգամ տղայիս հետ գամ Հայաստան, որպեսզի նա իր աչքով ու սրտով տեսնի ամեն ինչ:

Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

-Մեզ համար այն մեր հույսն է, մեր հանգրվանը: Հայրենիքը հայության, հայոց լեզվի մատենադարանն է: Հայրենիքն ինձ համար Հովհաննես Թումանյանն է, Րաֆֆին, Չարենցը, Պարույր Սևակը…

Շնորհակալությո՛ւն, պարոն Մոմճյան: Հուսով եմ՝ հաջորդ տարի Հայաստան կգաք նոր գրքով, այս անգամ՝ գուցե ոչ վեպով, այլ՝ անկախ Հայաստանի, Երևանի մասին Ձեր՝ այս այցից ունեցած տպավորություններով:

 Կարինե Ավագյան 

Scroll Up