ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումները Շվեդիայի թագավորության քաղաքների հայ համայնքների հետ
Հոկտեմբերի 25-ին, ՀՀ սփյուռքի նախարարը շարունակեց իր այցելությունները և հանդիպումները Շվեդիայի տարբեր քաղաքներում կենտրոնացած հայ համայնքների հետ։
Նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Շվեդիայի թագավորության Օրեբրո հայաշատ քաղաք։ Օրեբրոյում տիկին Հակոբյանը ծաղկեպսակ դրեց Վալլոկրապարկեն զբոսայգում 2015թ. մայիսին բացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողին։
Տեղի ունեցավ նախարարի հանդիպումը Օրեբրոյի քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմի հետ, քննարկեցին տեղի հայ համայնքի կարիքների և քաղաքային իշխանությունների աջակցության վերաբերյալ հարցեր։
Այնուհետև տիկին Հակոբյանը հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի հետ։ Քննարկեցին համայնքին հուզող հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության հեռանկարների վերաբերյալ։ Կիրակնօրյա դպրոցի սաները ելույթ ունեցան հայկական երգերի ու պարերի կատարմամաբ։ Հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարարը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռիկսդագի նախկին պատգամավոր, Օրեբրոյի քաղաքային խորհրդի անդամ Մուրադ Արթինին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով։
Ստոկհոլմում նախարարն այցելեց Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի «Հայ տուն» ակումբ, որտեղ հանդիպում ունեցավ Հ.Մ.Ը.Մ. երիտասարդ սկաուտների հետ։ Վերջիններս նախարարին ներկայացրին իրենց գործունեությունը Շվեդիայի հայ երիտասարդության շրջանում սպորտային, մշակութային և հայրենասիրական դաստիարակության և ազգային արժեքների պահպանման ուղղությամբ։
Նույն օրը՝ երեկոյան, Շվեդիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ շվեդահայ համայնքային տարբեր կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարի հետ, քննարկվեցին շվեդահայ համայնքի հիմնախնդիրները, նախարարության և դեսպանության կողմից հնարավոր օգնության ձևաչափերը։ Մտքեր փոխանակվեցին Սիրիայի ճգնաժամի արդյունքում Հայաստանում և Շվեդիայի թագավորությունում ապաստանած հազարավոր սիրիահայերին աջակցելու մասին։