Հայ իրավաբանների միությունը կոչ է անում պատժել «Արմեն» ճամբարի վրա հարձակման պատասխանատուներին
Հայ իրավաբանների միությունը Պոլսո Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբարի շուրջ պահակություն կատարող «Նոր Զարթոնք» երիտասարդական շարժման անդամ հայ երիտասարդների վրա տեղի ունեցած հարձակման մասին հայտարարություն է տարածել:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ դատապարտելով օգոստոս 13-ին տեղի ունեցած հարձակումը` Հայ իրավաբանների միությունը հայտարարության մեջ կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, որ երաշխավորեն «Արմեն» ճամբարում հերթապահող երիտասարդների ապահովությունը, միաժամանակ շեշտելով, թե անմիջական, ամբողջական և թափանցիկ հետաքննություն պետք է կատարվի հարձակման կապակցությամբ, որպեսզի պատասխանատուները բացահայտվեն և արդար պատիժ ստանան:
Միությունը նաև նշում է, որ «Արմեն» ճամբարը հայերից խլելու արարքը խախտում է Լոզանի դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք պայմաններ` հավելելով, որ իրավաբանորեն ճամբարը պատկանում է Գետիկփաշայի Հայ ավետարանական եկեղեցու հիմնարկին:
Հայ իրավաբանների միությունը նաև կոչ է անում Սփյուռքի հայկական բոլոր կազմակերպություններին, որ այս գծով բողոքի ձայն բարձրացնեն ու պահանջեն ո´չ միայն հարձակման պատասխանատուների դատապարտումը, այլև` ճամբարի վերադարձը հայերին: