Լիբանանահայ մի խումբ պատանիներ ապագայում Արցախում հաստատվելու ցանկություն են հայտնել

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 6-­ին ընդունել է պատմաճանաչողական այցով Արցախ ժամանած ՀՅԴ Լիբանանի պատանեկան միության մի խումբ անդամների՝ ատենապետ Սաքո Արաբողլյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով լիբանանահայ պատանիներին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց այցելությունն Արցախ` նշելով, որ այն յուրօրինակ հնարավորություն է անմիջականորեն հաղորդակից լինելու ազգային պատմությանն ու մշակույթին: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է հայրենիքում ապրող իրենց հասակակիցների հետ կապերի ամրապնդման ու տեղական համայնքներում հայկական ինքնության պահպանման անհրաժեշտությունը:

Այնուհետեւ Աշոտ Ղուլյանը պատանի հայրենակիցներին ամփոփ տեղեկություններ է ներկայացրել արցախահայության ազատագրական շարժման, ազատ ու անկախ երկրորդ հայկական պետության ձեռքբերումների վերաբերյալ՝ ընդգծելով երկրի զարգացման գործում Սփյուռքի ունեցած ծանրակշիռ դերակատարությունը:

Հանդիպման ավարտին ծավալված ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում լիբանանահայ պատանիներից շատերը հետագայում Արցախում հաստատվելու ցանկություն են հայտնել:

Scroll Up