Խաչարձանի դպրոցի վերակառուցմանը կհաջորդեն այլ ձեռնարկներ
Օգոստոսի 14-ին հանդիսավորությամբ բացվեց Տավուշի մարզի Խաչարձան գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցը: Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի բարերարներ Արտո եւ Հիլդա Կալչիյանների հովանավորությամբ վերակառուցված եւ ամբողջովին կահավորված դպրոցը սեպտեմբերին նորովի կներկայանա համայնքի աշակերտներին: Այս մասին հայտնում են Հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Նորացված գազամատակարարման եւ ջեռուցման համակարգերը շուրջ տարի հարմարավետ պայմաններ կապահովեն կրթօջախում: Բարերարների կողմից դպրոցին նվիրաբերված միկրոավտուբուսն էլ անհրաժեշտության դեպքում կծառայի նաեւ համայնքի կարիքներին:
Շուրջ 480 բնակիչ ունեցող համայնքում գրկաբաց են ընդունում Կալչիյաներին, ում հովանավորությամբ գյուղում կառուցվել են նաեւ ժամանակակից բուժկետ, բազմաֆունկցիոնալ սրահ, դպրոցականներին նվիրաբերվել են գրենական պիտույքներ, շարունակաբար խրախուսվում են նոր ծնունդները համայնքում: Բարերար ամուսինները ներդրումներ են անում նաեւ համայնքի բնակիչներին մշտական եկամուտով ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով օրերս գյուղին կնվիրաբերվեն մեղվափեթակներ /մինչեւ 500 հատ/ եւ անհրաժեշտ սարքավորում:
Կալչիյան ընտանիքը գլխավորում էր արգենտինահայ բարերարների խումբը, որի այցելությամբ զարգացման նոր հեռանկարներ են ուրվագծվում համայնքում: Այս այցին Կալչիյանները, արգենտինահայ Թերզյան եւ Ավագյան ընտանիքների հետ համատեղ, ստանձնեցին խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցման ծրագրի հովանավորությունը: Այս օրերին բարերարները ծանոթանում են նաեւ գյուղում սպորտային կյանքը խթանելու հնարավորություններին:
Միջոցառման ընթացքում Կալչիյան ամուսինները հայտարարեցին, որ այսուհետ յուաքանչյուր տարի կհոգան նաեւ դպրոցի երկու շրջանավարտի ուսման ծախսերը բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով` հեռավոր Արգենտինայի մեր հայրենակիցները շարունակում են իրենց ներդրումը բերել Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում: “Նախորդ այցելության ժամանակ խաչարձանցիները Կալչիյաններին արժանիորեն շնորհեցին Խաչարձանի պատվավոր քաղաքացու կոչում”,- նշում է տնօրենը: