Հայկական երգ ու պարով հետաքրքրված են նաեւ այլազգիները
Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում շարունակվում են ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացները: Տիրող խանդավառ մթնոլորտից, երաժշտության ձայներից անգամ պարզ է դառնում, որ սա սովորական դաս չէ: Տարբեր պետություններից եկած, բայց ազգային երգ ու պարից չհեռացած մասնակիցները հատուկ ոգևորությամբ են անցկացնում պարապմունքները: Օգնում են միմյանց, քննարկում ու խորհուրդներ տալիս:
Օրենբուրգից եկած Անի Մկրտչյաննառաջին անգամ է Հայաստանում, սակայն իրեն զգում է ինչպես տանը: Հեռու գտնվելով հայրենիքից, հաղորդակից չլինելով նրա կյանքին ու ներկային` Անին չի հեռացել արմատներից: Ռուսական Օրենբուրգ քաղաքում ստեղծել են «Նանե» անսամբլը, որտեղ այսօր հաճախում է 25 երեխա: Անին նշում է, որ նպատակ ունեն ստեծել նաեւ տղաների խումբ, որովհետեւ հետաքրքրությունը սպասվածից մեծ է: Սակայն նրանց գործունեությունը այսքանով չի սահմանափակվում: «Մեկ տարի առաջ բացեցինք Վահան Տերյանի անվան հայկական դպրոցը: Կոչեցինք հայ մեծ բանաստեղծի անվամբ, որովհետեւ ինչպես գիտեք, 1920 թվականին հենց Օրենբուրգ քաղաքում է հանճարը կնքել իր մահկանացուն»,-ասում է Անին:
Նա հայրենիքում է պարի ոլորտում իր գիտելիքները կատարելագործելու, փորձի փոխանակման ու հայրենիքը տեսնելու համար: Պարն իր կենսակերպը դարձրած հայուհին հպարտությամբ է նշում, որ անգամ օտարազգիներն են հետաքրքրված հայկական ազգային պարերով, ցանկանում են սովորել ու պարել: Անին պատմում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպած միջոցառումներին ազգությամբ թուրքեր ու ադրբեջանցիներ էլ են եկել, սակայն նրանք ամեն ինչ անում են, որ այդ ամենը չքաղաքականացվի եւ իրականան ա բարոյապես թույլատրելի սահամանների մեջ:
Օրենբուրգում պարբերաբար կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ, նշում տոները, փորձում հայկական համայնքին պահել հայկականության մեջ, նրանց ներկայացնել հայ երգն ու պարը, որին շատերը կարոտ են: Անին խոստովանում է, որ ազգային տարազի մեջ իրեն իսկական հայուհի է զգում եւ պարտավորվում է, որ իր գիտելիքները հնարավորինս շատ մանուկների կփոխանցի:
Արեւիկ Արմենակյանը նույնպես այս դասընթացների մասնակիցներից է: Եկել է ուկրաինական Օդեսա քաղաքից: Ապագա բժիշկ է, սակայն մասնագիտական ընտրությունը չի խանգարում, որ չթողնի երգն ու պարը, որովհետեւ այս ամենն իր հոգում է, սրտում: «Ես հայկական երգ ու պարի մեջ իմ ինքնությունն եմ գտնում: Երբ պարում եմ կամ երգում, հոգեվիճակս միանգամից փոխվում է, մի նոր` հայկական ու ազգային աշխարհ եմ մտնում, կարճ ասած` իմ տարերքի մեջ եմ լինում»,- նշում է Արեւիկը:
Պարում է «Բարեկամություն» անսամբլում, որտեղ եւ գրանցել է իր հաջողությունները: Ութ տարի հայրենիք չվերադարձած Արեւիկը շատ է մտածել Հայաստան վերադառնալու մասին: «Ինչ էլ լինի, մեկ է՝ գիտեմ, վերջին կետս Հայաստանն է լինելու: Այդպես եմ զգում եւ ուզում»,- ասում է հայուհին: Իսկ իր համար օտար հողում հայրենիքի խորհրդանիշները եղել են հենց երգն ու պարը, հայկական հարուստ մշակույթը:
Ամալյա Կարապետյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի