Ալմելոյում մեծ շուքով նշել են Նիդերլանդներում գործող կիրակնօրյա հայկական դպրոցների ավարտական հանդեսը

Նիդերլանդներ, 27-ը հունիսի, Ալմելո: Հոլանդիայի երկնքում այդ օրը ևս մեկ անգամ շողշողաց հայոց արևը՝ նաիրյան շողերով ջերմացնելով  Ալմելոյի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» եկեղեցու սրահում հավաքված հոլանդաբնակ հայերի սրտերը: Անգամ շրջակայքի ծառերն ու թփերն էին հայեցի զարդարվել և ողջունում էին բոլորին՝ մեղմ շշնջալով «Բարի գալուստ»:

Հունիսի 27-ն իր անջնջելի հետքը կթողնի բոլորի հոգիներում՝ առավելապես հայ մանուկների, որոնք Նիդերլանդներում գործող կիրակնօրյա հայկական դպրոցների՝ «Հարթակի» շրջանակում, իրենց ելույթներով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայեցի ոգին երբեք չի կորչի, աշխարհի որ ծայրում էլ լինենք:

Իսկ ավարտական միջոցառում-հանդեսը՝ ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ զոհերի, կրում էր «Մեր արյան անգինը» խորագիրը: Հատկանշական է, որ միջոցառման խորագիրն է կրում նաև վերջերս Մաստրիխտի «Անի» հայ համայնքի և «Սուրբ Կարապետ» եկեղեցու օժանդակությամբ հրապարակված՝ նույն համայնքի ուսուցիչ Արտակ Մանուկյանի պոեմը, որն էլ ներկայացրեցին Մաստրիխտի կիրակնօրյա դպրոցի երեխաները:

Որպես «Հարթակի» ավարտական հանդեսի ընդունող կողմ և կազմակերպիչ, բացման խոսքով հանդես եկավ Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն պարոն Մանուկ Մկրտչյանը: Հյուրերին  ողջունելուց հետո խոսքը տրվեց  Հոլանդիայում Հայրապետական  Պատվիրակի Փոխանորդ, Հոգեշնորհ Տեր Սերովբե Վարդապետ Իսախանյանին, որն էլ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, այնուհետև Տերունական աղոթքով օրհնեց բոլոր ներկաներին: Ապա Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո ծածանվեց Եռագույնը՝ եկեղեցու սրահը լցնելով հայատրոփյուն սրտերի զարկերով:

Չափազանց գեղեցիկ էր անակնկալը, որը մտահղացել էր պարոն Մանուկ Մկրտչյանը. հայրենիքից բոլոր ներկաներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը: Ապա իր ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը:

Այնուհետև Ալմելոյի դպրոցի ուսուցչուհի տիկին Սվետլանա-Անժելա Անդրեսյանի ազդարարմամբ բեմը հերթականությամբ տրամադրվեց  Ալմելոյի, Մաստրիխտի, Նայմեխենի, Արնհեմի դպրոցների աշակերտներին, որոնք իրենց գեղեցիկ արտասանություններով, երգերով և պարերով գորովանքով և ցնծությամբ լցրեցին բոլոր ներկաների սրտերը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է:

Ապա իր եզրափակիչ Տերունական խոսքով ներկաներին կրկին օրհնեց Հոգեշնորհ Տեր Սերովբե Իսախանյանը և մի պահ թվաց, թե սրահում մեղրամոմի պես աղոթքն է հալվում՝ բոլորի հոգիները լցնելով Առաքելական զորությամբ:

Հանդիսության ավարտին հետևեց ճոխ հյուրասիրությունը՝ հայկական ավանդական խորովածով և տարատեսակ՝ մեկը մեկից համեղ ուտեստներով: Ամեն ինչ շքեղ էր, ամեն ինչ հրաշալի․ փառք ու պատիվ Ալմելոյի ամբողջ համայնքին՝ գեղեցիկ ու ճաշակով կազմակերպելու համար: Անժխտելի է միջոցառման կազմակերպիչ, Ալմելոյի դպրոցի տնօրեն պարոն Մանուկ Մկրտչյանի մեծ ավանդը հայաշունչ ու գեղեցիկ այդ օրվա համար:

Ալմելոյի երկնքում դեռ մայր չէր մտել հայոց արեգակը  և իր ջերմ շողերով  ճանապարհ էր դնում բոլոր հյուրերին՝ մաղթելով նրանց բարի ճանապարհ և հայահավետ միասնականություն:
Շնորհակալություն քեզ Ալմելո․․․

Արտակ Մանուկյան

01 02 03 04

01 - Copy 02

Scroll Up