Հարց անցյալին. թուրք ընտանիքի զավակը քննում է ընտանեկան պատմությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/Emin-akpinar.jpg)
Թուրք լուսանկարիչ Էմին Աքփընարը տևական ժամանակ է, որ զբաղված է իր ընտանիքի պատմության դատարկ անցքերը գտնելու և այդ դատարկության պատճառաբանության որոնումներով: Իր ընտանիքի ազգայնական տրամադրությունների հետ խորքային անհամաձայնություն ունենալուց բացի, նա մանկուց լսած պատմություններում հայտնաբերել է ոչ տրամաբանական մի դրվագ:
Էմինի ընտանեկան պատմությունը բաղկացած է մեկ անցքից. իրենց ընտանիքը 1925թ. Էրզընջանից (Երզնկա) փախել է Քըրշեհիր, որովհետև հայերը վառում էին գյուղերն ու կոտորում մարդկանց:
«Իմ ընտանիքը շատ բան չգիտի իր անցյալից, ու ես մեր անցյալի մասին լսել եմ միայն սա, որը հիմնված է մեծ հորեղբորս ասածների վրա,-«Հետքին» պատմում է Էմինը,- ու ես սկսեցի հորս հարցեր տալ այդ պատմության վերաբերյալ»:
Էմինի հայրը նույնպես այս պատմության կրողն է, ու քանի որ նրա հայրը մահացել է, երբ վերջինս 6 տարեկան էր, միակ աղբյուրը նրա ավագ եղբայրն է, որ ծնվել է հենց Էրզընջանում, ու իր խոսքով՝ փախուստի ժամանակ եղել է մոտ 5-6 տարեկան, երբ հայերը «բարբարոսություններ» էին անում: Նրա հորեղբայրը դեռևս կենդանի է, սակայն անկողնային հիվանդ է, ու նրա հետ դժվար է հաղորդակցվել:
1915թ. Ցեղասպանություն լինելու պարզ պատճառով Էմինին այս պատմությունը հավաստի չի թվում:
«Եթե նրանք փախել են 1925թ՝ հարց է առաջանում, թե ումից էին փախնում, որովհետև այդ ժամանակ եթե անգամ Ցեղասպանությունից հետո Էրզընջանում հայեր էին մնացել, նրանք չէին կարող գյուղեր վառել կամ մարդկանց սպանել»,- ակնհայտ հակասությունը փաստում է էմինը:
Էմինի հայրը իր կյանքի ընթացքում մեկ անգամ է գնացել է իրենց հարազատ գյուղը, որպեսզի որոշ տեղեկություն հավաքի իր ընտանիքի այլ անդամների մասին, որովհետև հայտնի էր, որ փախուստի ժամանակ մեծ ընտանիքն ամբողջությամբ չի կարողացել տեղափոխվել Քըրշեհիր: Նրա հայրը գյուղում ոչինչ չի հարցրել հայերի մասին, որովհետև նրան հետաքրքրում է միայն իր ընտանիքի ճակատագիրը:
«Նրան ոչինչ չի հաջողվել իմանալ, միայն մի ծեր մարդ հորս ուղեկցել է մի շատրվանի մոտ ու ասել, որ սա իր հայրն է սարքել, բայց մենք ոչինչ չգիտենք այդ մասին»,- ասում է Էմինը:
Էմինի հաջորդ հարցը վերաբերում է իրենց գյուղի անվանը, որ նա լսել է ամբողջ կյանքում՝ Bagariç- Բագառիճ:
«Նրանց մտքով երբևէ չի անցել, որ այդ բառը թուրքերեն չէ,- ժպտում է Էմինը,- Ես հորս հարց տվեցի, թե ինչ է նշանակում մեր գյուղի անունը թուրքերենով, ու նա չկարողացավ այդ հարցին պատասխանել, հետո ես նրան ասացի, որ դա հայերեն է, ու այդ գյուղում հայեր են ապրել»:
Էմին Աքփընարը Սևան Նշանյանի քարտեզի միջոցով գտել է գյուղն ու անվան մեկնությունը, ու հայտնաբերել, որ Բագառիճը հայերեն բառ է, որը նշանակում է Աստծո տաճար կամ բնակավայր:
«Ես, փաստորեն, հայտնաբերեցի, որ իմ ընտանիքը նախ՝ չի փախել հայերից, և երկրորդ՝ այդ գյուղի անունը թուրքական չէ, ու երրորդ՝ այդ գյուղում շատ հայեր են եղել»,- ասում է Էմինը:
Արևմտյան Հայաստանում կա Բագառիճ անունով երկու գյուղ. մեկը գտնվում է Էրզրումի վիլայեթի Դերջան գավառում, մյուսը՝ Դարանաղի կամ Կամախգավառում, որն այժմ կոչվում է Քեմահ: Էմինը Սևանյանի կայքից վերցնելով հայերեն գրված Բագառիճ բառը՝ տարբեր հայկական ֆորումներում ու կայքերում որոշ տեղեկություններ է հավաքել իր գյուղի մասին, որը հասկանալու համար օգտվել է «Google Translate»-ից:
Սկզբնապես չիմանալով երկու Բագառիճների գոյության մասին, Էմինը հայտնաբերել է Սողոմոն Թեհլերյանին, որ ծնվել է այլ գյուղում, սակայն հետո հասկացել է, որ Թեհլերյանը այլ Բագառիճից է:
Ըստ Ռայմոնդ Գևորգյանի «Հայկական Ցեղասպանություն» գրքի՝ Ցեղասպանության նախօրեին Դերջանում եղել են 41 հայկական գյուղ՝ 11690 ընդհանուր հայկական բնակչությամբ, դրանցից ամենամեծը եղել է հենց Բագառիճը՝ 1060 հայկական բնակչությամբ:
Որոնումների ժամանակ Էմինը հանդիպել է նաև Հայաստանի Ազգային արխիվի կողմից հրապարակված «Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն թարգմանությանն ու այնտեղ գտել որոշ հիշատակություններ իրենց գյուղի մասին: Վարդան Ավետիսյան անունով ականատեսը, որ Ցեղասպանության ժամանակ եղել է 11 տարեկան, վկայություն է թողել, որ պատերազմից առաջ հայերն ու թուրքերը միասին շատ երջանիկ են ապրել:
32-ամյա Էմինն ասում է, որ նրան չի հետաքրքրում, թե արդյոք իր պապը հայ է, թուրք, թե քուրդ: «Իմ ընտանիքի պատմությունը աղոտ է, ու շատ անհասկանալի բաներ կան,- մեկնաբանում է նա,- Իմ ընտանիքում միշտ խոսվել է, որ մենք մաքուր 100 տոկոսով թուրք են, բայց ես չեմ սիրում այդպիսի ազգայնական բաներ, ու պատասխաններ եմ փնտրում»:
Մինչև 20-րդ դարասկիզբը, երբ Եվրոպայում արդեն լայնորեն տարածում գտած ազգայնականությունը՝ ազգային պետություն ստեղծելու մարմաջով, դեռևս չէր ծավալվել դեպի Արևելք, Օսմանյան կայսրությունում ապրող մարդիկ համարվում էին օսմանահպատակներ ու մարդիկ տարբերակվում էին ըստ կրոնական պատկանելության՝ մահմեդականներ և քրիստոնյաներ: Թուրք եզրույթը որպես Թուրքիայի քաղաքացի շրջանառության մեջ է դրվել 1923թ. ազգայնական պետության հիմնադրումից հետո և ժամանակի ընթացքում ամենատարբեր միջոցներով Թուրքիայում ապրող մարդկանց պարտադրվել է թուրքական ինքնություն:
Թուրք գրող և սոցիոլոգ Փընար Սելեքը փաստում է, որ թուրքական ինքնությունը ստեղծվել է ոչ մահմեդականների բնաջնջման հիման վրա՝ հայերի Ցեղասպանություն, հույների վտարում և այլն ու Անատոլիայում՝ Բալկաններից և Կովկասից մահմեդական համայնքներ ընդունելու միջոցով, որոնց ասվել է, որ նրանք թուրքեր են. «Երանի նրան, ով իրեն թուրք է կոչում»:
Սակայն այս պրոցեսը, որը ժամանակին արդյունք է տվել, այժմ այլ տեղ է տանում, որովհետև Թուրքիայում բազմաթիվ մարդիկ հարցադրումներ ունեն իրենց անցյալի, և հետևաբար ինքնության վերաբերյալ, իսկ որոշ առաջադեմ մարդիկ էլ իրենց թուրք չեն անվանում:
Էմինը մեծացել է մաքուր թուրքական ինքնությամբ, և հետևաբար, թուրք հասարակությունում մեծամասնություն համարվող ընտանիքում, որտեղ քարոզվել են թուրք/ճիշտ/արդար լինելու գաղափարախոսությունը, սակայն նա համոզված է, որ հնարավոր չէ Անատոլիայում լինել 100 տոկոսով թուրք: Նա չի կարողանում հասկանալ, թե ինչն է նրան դրդում քննել իրենց ընտանիքի անցյալը:
«Հնարավոր է, որ ես այդ բացահայտմամբ ուզում եմ իմ ընտանիքին ցույց տալ, թե նրանք ճիշտ չեն, որովհետև նրանք շատ ազգայնական են, ու ես չեմ սիրում ազգայնական բաներ, սակայն ես այդ հարցի պատասխանը չունեմ»,- ասում է նա:
Միևնույն ժամանակ Էմինին այս հարցադրումներին դրդել են իր հայկական արմատներով ընկերների պատմությունները, որոնք ընկերական միջավայրում խոսել են իրենց ընտանեկան պատմություններից:
«Նրանք մեծանալով հանկարծակի իմանում են, որ իրենց տատը կամ պապը հայ է, որ իսլամացվել է, ու նրանք ունեն այդ պատմությունները, բայց իմ պատմությունը շատ տարբեր է նրանցից, որովհետև պարզապես պատմություն չկա»,- ասում է նա:
Նա առաջ է քաշում հաջորդ հակընդդեմ հարցը. եթե, օրինակ իր ընտանիքը թուրք է եղել, ի՞նչն է նրանց դրդել փախնելու, որովհետև վստահապես նրանք չէին կարող հայերից փախչել: Նա ասում է, որ եթե անգամ իր ընտանիքը չի փախել, այլ պարզապես գյուղից տեղափոխվել է քաղաք, ինչը հաճախ պատահում է, ապա դրա հակափաստարկն այն է, որ նման դեպքում մեծ ընտանիքները տեղափոխվում եմ ամբողջությամբ, իսկ հայտնի է, որ իրենց ընտանիքը մասնատված է. նրանք գնացել են տարբեր ուղղություններով, ու միմյանց մասին չգիտեն: Մեկ այլ հարց է, թե ինչու են նրանք ընտրել Քըրշեհիրը, որովհետև այդ քաղաքը Անկարայի մոտ է և Բագառիճից բավական հեռու, իսկ մարդիկ փախուստի ժամանակ, սովորաբար գնում են ամենամոտ անվտանգ տեղը:
«Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չգիտեմ ու որոնում եմ»,- ասում է Էմինը:
Էմինն իր բացահայտումները հայտնել է հորը, որն էլ նրան սկսել է հարցեր տալ: Նրանք երկուսով նախատեսում են ամռանը գնալ Բագառիճ, որպեսզի ուսումնասիրեն իրենց ընտանիքի պատմությունը:
«Ես պատրաստվում եմ ճանապարհորդության ու մեկնելու եմ իմ լուսանկարչական ապարատով: Ես գիտեմ, որ այնտեղ բազմաթիվ եկեղեցիներ կան, ու պատրաստվում եմ գյուղի բնակիչներից հարցնել, թե ովքեր են կառուցել այդ եկեղեցիները»,- ասում է Էմինը: