Արի տուն-2015. Պատմում են արիտունցիները…
Շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը: Հայրենիքում անցկացրած օրերի մասին տպավորությունները պատանիներն ու աղջիկները կիսել են «Հայերն այսօրի» հետ:
Նարեկ Արբջյան – Շատ սիրեցի «Արի տուն» ծրագիրը: Տարբեր վայրեր շրջելու գնացինք, նույնիսկ վայրեր կային, որտեղ ընդհանրապես չէի եղել: Աչքիս ամեն ինչ գեղեցիկ է թվում Հայաստանում: Հուսամ, որ ճամբարային օրերն էլ լավ կանցնեն՝ հագեցած առօրյայով: Անկեղծ շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը մեզ Հայաստանում շրջագայելու հնարավորություն ընձեռելու համար:
Շիրազ Սուլթանյան – «Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ կարողացա ավելի շատ բացահայտել իմ երկիրը: Հատկապես ուրախացա հայոց լեզվի դասընթացներին մասնակցելուց: Դասաժամերին տարբեր թեմաներ ենք ուսումնասիրում, որից շատ եմ ոգևորվում: Հիմա արդեն հայերենից գիտելքիներս ավելացրեցի, ինչի համար երախտապարտ եմ մեր ուսուցչուհուն:
Փիեր Սուլթանյան – Ինձ մեծ հնարավորություն տրվեց ճանաչելու, թե Հայրենիքս ինչ անցյալ է ունեցել: Ժամանակս «Արի տուն» ծրագրում հիանալի է անցում, ընկերներիս հետ ճանապարհին տարբեր թեմաների շուրջ ենք զրուցում, կարծիքներ փոխանակում: «Արի տուն» ծրագրից ստացած գիտելիքներս փոխանցելու եմ հաջորդ սերունդներին:
Դավիթ Տեր-Վարդանյան – Ես անչափ հպարտ եմ, որ եկել եմ Հայաստան և մասնակցում եմ «Արի տուն» ծրագրին: Այնքան տպավորված եմ իմ անուշ Հայաստանով և հայոց լեզվով, որ դեռ երկար ժամանակ հիշողությանս մեջ կպահեմ ծրագրում անցկացրած օրերս:
Մերի Չարշաֆճյան – Ճանաչեցի Հայրենիքս, գնացի իմ երազած եկեղեցիները, տեսա գեղեցիկ վայրերն ու հայկական բնությունը: Սակայն ամենից շատ սիրեցի զորամաս գնալու օրը, երբ ծանոթացա մեր զինվոր-տղաներին: Նրանց շնորհիվ է, որ այսօր հանգիստ քնում ենք ու խաղաղ երկնքի տակ ապրում:
Ավո Արոյան – «Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ ծանոթացա Հայաստանի հարստություններին՝ տեսարժան վայրերին, սրբատեղիներին, պատմամշակութային հուշարձաններին, խաչքարերին, այցելեցի թանգարաններ: Ինքս ինձ խոսք եմ տվել՝ երբեք չմոռանալ Հայրենիքիս հարստությունները:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը