Արցախում կայացել է «Խնոցու» փառատոն. (լուսանկարներ)

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում այսօր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում առաջին անգամ կազմակերպել է «Խնոցու» արցախյան փառատոն:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` փառատոնին ներկայացել են խնոցու հարման գործում հմուտ և արհեստավարժ մասնակիցներ: Ինչպես նաև ներկայացվել է խնոցու հարման ողջ գործընթացը, որից հետո ստացված կաթնամթերքը մատուցվել է ավանդական ձևով:
Փառատոնը ուղեկցվել է ավանդական հյուրասիրությամբ, խաղերով ու խաղերգերով, արցախյան երգ-երաժշտությամբ և արցախյան մշակույթը ներկայացնող այլ միջոցառումներով:
Միջոցառմանը լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ փառատոնի նպատակն է՝ արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումն ու հանրահռչակումը, ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը:
«Յուրաքանչյուր փառատոնի համար տեղանքը ընտրում ենք հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները: Հին շենում զարգացած է անասնապահությունը և, նաև այս ավանդույթները այստեղ են ավելի շատ պահպանված»,- ասել է Ն. Աղաբալյանը և հավելել, որ առջևում է «Թթի» փառատոնը:
Նախարարի խոսքով՝ այս փառատոները լինելու են ավանդական և ամենամյա, որոնք կազմակերպվելու են տարբեր համայնքներում։
Այս միջոցառումները արդեն իսկ մշակութային քաղաքականության անքակտելի մաս են կազմում, որը նաև նպատակ ունի բարձրացնել Արցախի մշակութային և զբոսաշրջային գրավչությունը։
Փառատոնին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: