Արաբական դաջվածք հայկական երեսի վրա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/արաբացած-հայ1.jpg)
«Հայերն այսօրի» տեղեկացմամբ՝ արաբ ակադեմիկոս Սաադ Սալումին իր Ֆեյսբուքյան էջում գրում է.
Այս կնոջ տարիքը գերազանցել է 105 տարին. նա ամենատարեց հայուհին է Իրաքում և իր հիշողությունը պատմություններ է փորագրել իր դեմքի և ձեռքերի վրա:
Արաքսի Փափազյանը 5 տարեկան էր Ցեղասպանության ժամանակ: Բռնի տեղափոխության հետևանքով 1000 մղոն քայլել է (1915 թվականի մայիսից-սեպտեմբեր), իր ընտանիքի անդամները մեկ առ մեկ «ընկել» են հիվանդություննից, սովից և հրոսակախմբերի հարձակումներից: Ողջ մնացածները հասել են սիրիական անապատ…
Հայերն իրենց 8 տարեկանից բարձր փոքրիկներին հանձնում էին արաբ ցեղախմբերին, նրանց պատմելով իրենց գերդաստանի մասին, որո նրանք այն իրենց հիշողության մեջ պահեն, որպեսզի մի օր կարողանան վերագտնել իրենց հարազատներին:
Արաքսիին վերցնում է մի արաբ տղամարդ, կարծելով, որ նա փոքրիկ տղա է: Երբ հայտնի է դառնում, որ նա աղջիկ է, հանձնում է մի տարեց արաբ կնոջ, որը պահում է նրան իր մյուս աղջիկների հետ:
Արաբ մայրը նրան կոչում է Ֆաթիմա կամ Ֆաթումա, նա սովորում է արաբ բեդվինների վարքն ու բարքը: Մի օր որոշում է մեծ աղջիկների պես իր դեմքին դաջվածք անել: Երբ նրա արաբ մայրը տեսնում է դաջվածքը, ապատակելով երեսին, ասում է, թե ինչպես է հանդգնել երեսն այլանդակել, քանի որ նա հայուհի է, այլ ոչ արաբ, որ զարդարել է երեսը այդ գծագրություններով:
Արաբ մայրը ցանկանում էր պահպանել նրա երեսի մաքրությունը, կրոնն ու հայկական ինքնությունը: Նա մերժել է նրան ամուսնացնել որևէ իսլամ արաբի հետ: Միշտ ասում էր, որ նա պետք է ամուսնանա միայն իր ազգակցի հետ:
Ֆաթիման մեկ դար անց դեռ հիշում էր իր արաբ մորը և նրա բարբառը: Արաբների հետ իր անցկացրած տարիների մասին այնպես էր պատմում, կարծես երեկ էր այդ ամենը պատահել: Նա հպարտ է իր դաջվածքով և իմացած բարբառով, որը փաստում է իր երկակի ինքնությունը:
Երբ այսօր դիտում ենք նրա լուսանկարները իր ընտանիքի անդամների՝ զավակների, թոռների և ծոռների հետ, որոնց թիվը գերազանցում է 80-ը, մտածում ես, թե որքան կարող էր լինել հայերի թիվը, որոնք պետք է ապրեին մեզ հետ կամ մեր սահմանների մոտ, եթե տեղի չունենար Ցեղասպանությունը…Միլիոնավոր հայեր լույս աշխարհ չեկան քաղաքական մեկ որոշման հետևանքով… Եվ հանցագործությունը դեռ շարունակվում է:
Արաքսիի պատմությունը մեր մեջ արթնացնում է ցավ, քանի որ նման հանցագործություն այսօր կատարվում է նաև Իրաքում… Իրաքցիները ևս ցրվեցին, ինչպես հայերը մեկ դար առաջ:
Ֆաթումայի պատմությունը մեր մեջ արթնացնում է նաև կորսված սիրո և համերաշխության բուրմունքը:
Արաբները ցեղասպանությունից հետո ընդունեցին հայերին, պահպանեցին նրանց կանանց, սովորույթները, միասին ապրեցին եղբայրների նման…
Սալումը եզրափակում է իր խոսքը հետևյալով՝ այդ ի՟նչ անեծք էր, որ մեզ հասավ այս ատելություններով լի ժամանակաշրջանում…
Աստված քեզ պահապան՝ Ֆաթումա, փառք քո ժամանակին, ժողովրդին և ապրածդ «ուղևորությանը», որը ամփոփում է մեր այս հակասական ժամանակները: