Հերթական սկանդալը. Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին
Ավստրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարությունից ժամեր անց Թուրքիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը զայրացրել է թուրքական իշխանություններին: Հավատարիմ իր գործելաոճինˋ Թուրքիան սպառնացել Ավստրիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Թուրքիայի դիրքորոշումը հարցի վերաբերյալ ներկայացվել է նաև Անկարայում Ավստրիայի դեսպանին, իսկ Վիեննայում Թուրքիայի դեսպան Հասան Գոգուսը հետ է կանչվել:
«Ակնհայտ է, որ սա երկարատև բացասական հետք կթողնի թուրքավստրիական բարեկամության և հարաբերությունների վրա», նշվում է հաղորդագրությունում: Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն ապրիլի 22-ին, գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
Ելույթով հանդես եկավ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Դորիս Բուրեսը, ով, մասնավորապես նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունների ընդունած հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և ԱվստրոՀունգարիայի դաշնակցության առումով: