Հրանոյշ Յակոբեան. «Յաջորդ Տարի Մենք Ասելիք Ու Անելիք Ունենք, Հայ Դատն Առաջ Տանելու Խնդիր»

Կը ներկայացնենք Aysor.am-ի հարցազրոյցը  ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ, որուն հետ լրատուամիջոցը զրուցած է ոչ միայն նախարարութեան գործունէութեան, այլեւ 2015 թուականի ընելիքներուն մասին:

Տիկին Յակոբեան, նախ անցնող տարուան մասին:  Ի՞նչ կը համարէք ձեր նախարարութեան գլխաւոր ձեռքբերումը 2014թ.-ին:

– Կարեւոր ձեռքբերում կարելի է համարել վստահութեան աւելացումը, ինչը շատ կարեւոր է կազմակերպութիւնների հետ աշխատանքում: Նախորդ տարի այդ վստահութեան շնորհիւ մեր ծրագրերն ընդլայնել ենք: Մեր ծրագրերում աւելացել է ոչ միայն մասնակիցների թիւը, այլեւ` աշխարհագրութիւնը:

Կարեւոր ձեռքբերում է այն, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած ձեռնարկներն ու նախապատրաստական աշխատանքները շատ լայն թափ են ստանցել: 60-ից աւելի երկրներում գոյութիւն ունեն տարածաշրջանային յանձնախմբեր, որոնք լրջօրէն նախապատրաստւում են Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին: Սա ուրախալի փաստ է: Եւ ուրախալի է, որ դրան ընդառաջ մի շարք երկրների խորհրդարաններում (Յունաստան, Ֆրանսա) ընդունւում են Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքներ, իսկ բոլորովին վերջերս Պոլիվիայի Խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը: Եւ այս պայքարը շարունակւում է:

Ձեռքբերում եմ համարում նաեւ սփիւռքահայ համայնքների կառոյցների ձեւաւորումը, որոնք ակտիւօրէն աշխատանք են իրականացնում նաեւ ԼՂ ճանաչման հետ կապուած: Այդ կառոյցներն ակտիւ աշխատում են տարբեր շրջանակներում եւ ընդլայնում նաեւ Արցախի ճանաչման գործընթացը: Մի շարք նահանգային խորհրդարաններ արդէն ճանեչել են Արցախի ինքնորոշումը: Դրանց թւում են պասկերի Երկրի Խորհրդարանն ու ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Սենատը: Սրանք ես համարում եմ մեծագոյն ձեռքբերումներ: Մեր ծրագրերը, որոնք իրականացրել ենք այս ընթացքում, որեւէ մէկը չի ձախողուել, որեւէ մէկը չի քննադատուել:
Դրանք եղել են ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին:

Մեծագոյն ձեռքբերում եմ համարում նաեւ «Հայրենիք-Սփիւռք» 5-րդ համաժողովը, որի ընթացքում մասնակիցների ու կազմակերպութիւնների թիւը եւս ընդլայնուել է:  Դա աննախադէպ գործընթաց էր, քանի որ 4 օր շարունակ համաժողովը ընթացաւ հայրենիքում: Այդ ընթացքում մշակուեց եւ ընդունուեց մի յայտարարութիւնը, որը յաջորդ երեք տարիների համար կը լինի ծրագրային, նպատակային եւ գործող: Սա թոյլ կը տայ Սփիւռքում գործող իւրաքանչիւր համահայկական կազմակերպութեան մշակել իր յետագայ անելիքներն ու ծրագրերը` ելնելով այդ համահայկական առաջնահերթութիւններից:

Սուրիական ճգնաժամէն ետք  Հայաստան ընդունեց բազմաթիւ սուրիահայ ընտանիքներ: Եղան աջակցութեան  շարք մը ծրագիրներ, եւ այնուամենայնիւ, եղան նաեւ դժգոհութիւններ: Դուք իբրեւ Սփիւռքի նախարար, ինչպէ՞ս կը գնահատէք սուրիահայ ընտանիքներու վիճակը Հայաստանի ու անոնց աջակցելու ի՞նչ ծրագիրներ կը գործեն հիմա:

-Գիտէք, եթէ 17 հազար մարդուց 1-2-ն ինչ-որ դժգոհութիւններ են յայտնում, որոնք կապ չունեն պետութեան ու պետական մարմինների հետ, դա չի նշանակում, որ դժգոհութիւններ կան: Մեր 3 տարիների աշխատանքի ընթացքում, այդ թւում` 2014 թուականի, ծաւալուն աշխատանքներ են իրականացուել: Սիրիահայերի թիւը, որոնք հաստատուել են Հայաստանում, արդէն հատում է 12000-ը: Դա մեր աշխատանքի նպատակային լինելու արդիւնքն է, որը կարծում եմ` յաջողուած է: Հակառակ դէպքում մեզ չէին դիմի, այլ միւսների նման կը հեռանային Հայաստանից: Շատ ուրախ եմ, որ շուրջ 1500 սիրիահայ աշակերտներ այսօր դպրոց են յաճախում, 900-ից աւելի ուսանողները սովորում են Հայաստանի տարբեր բուհերում: Այս ամէնը նրանց համար անվճար է կազմակերպւում, Հայաստան պետութեան կողմից բոլոր պայմանները ստեղծուած են նրանց համար: Այսօր հազարաւոր մարդիկ ստանում են անվճար բուժօգնութիւն. սիրտ են վիրահատում, օգտւում են տարբեր բժշկական ծառայութիւններին: Այդ ամէնը անվճար հիմքունքներով է իրականացւում:

Այսօր կարելի է ասել, որ պետութիւն-սիրիահայ փոխյարաբերութիւնները ամբողջութեամբ կայացած են. բոլոր հիմնական ծառայութիւնները անվճար են, որոնք վերաբերում են մուտքին, ելքին, աւտոմեքենայի արտօնագրերի հարկերին, աւտոմեքենայի մուտքի ու ելիք հարկային մուծումներին եւ այլն: Կան արտօնութիւններ, որոնք եւս իրականացւում են բացառութեան սկզբունքով: Դրանք կապուած են անձնագրերի, փաստաթղթային հարցերի ու իրաւաբանական ծառայութիւնների հետ: Մենք միաժամանակ լուրջ աշխատանքն ենք իրականցնում սիրիահայերին աշխատանքով ապահովելու ուղղութեամբ: Փոքր եւ միջին բիզնեսի հետ կապուած` մենք տանում ենք լուրջ աշխատանքներ: Նրանք ծանօթանում են ՀՀ օրէնսդրութեանը, որպէսզի յետագայում կարողանան տեղեակ լինել բիզնես ոլորտի իւրաքանչիւր գաղտնիքներից: Այսօր 100-ից աւելի երիտասարդներ
ստացել են կէս միլիոնից աւելի տոլար վարկեր, որոնք արդէն դրուել են շրջանառութեան մէջ:

Կարծում եմ, որ սրանք խօսուն փաստեր են, եւ սիրիահայ երիտասարդները յաջողութեամբ կարողացել են բոլոր դժուարութիւնները յաղթահարել: Շատ կարեւոր է, որ այսօր սիրիահայերը գրագէտ ու կազմակերպուած կարողանում են աշխատել,  նրանք շատ խելացի, բանիմաց, գրագէտ ու ազգային մարդիկ են: Այսօր նրանք մեզ մօտ նոր մշակոյթ են բերել եւ աշխատում են աշխատանքի ու մարդկանց նկատմամբ փոխադարձ յարգանք տածելով: 2014 թուականին 4-5 ցուցահանդէսներ են կազմակերպուել, որտեղ ներկայացուել են նրանց ձեռքի
աշխատանքները: Նրանք հերթական անգամ իրենց ստեղծագործական աշխատանքներով ու մտքով զարմացրել ու գերել են Հայաստանում բնակուող մեր հայրենակիցներին: ԵԽ ուսումնասիրելու ու քննարկելու է տարբեր երկրներում ապրող սիրիացիների հետ տարուող աշխատանքը եւ իր գնահատականն է հնչեցնելու այս ուղղութեամբ: Կարծում եմ, որ մեզ մօտ խնդիրներ ընդհանրապէս չեն լինելու, քանի որ Հայաստան պետութեան կողմից տարուող աշխատանքը լաւագոյնն է լինելու:

Հասարակութեան մէջ յաճախ կը քննարկուի` արդեօք կարիքը կա՞յ ունենալու առանձին Սփիւռքի նախարարութիւն: Յատկապէս այն պարագային, որ հիմա կայ նախարարութիւններու միացման գործընթաց: Ձեր գնահատականը այս քննարկումներուն եւ որքանո՞վ  հաւանական կը համարէք Սփիւռքի նախարարութեան միաձուլումը այս կամ այն նախարարութեան հետ:

-Նախ դրանք քննադատութիւններ չեն, այլ կարծիքներ, որը մեզանից իւրաքանչիւրն էլ ունենալ կարող է: Ապրում ենք ազատ անկախ Հայաստանում եւ իւրաքանչիւր մարդ ունի իր ասելիքը: Ինչ վերաբերում է մեր նախարարութեանն` ասեմ, որ Սփիւռքի նախարարութիւնը Հայաստանցիների համար չէ, որպէսզի հայաստանցիները մտահոգուեն կամ որոշեն, այդ նախարարութիւնը պէտք է Հայաստանին, թէ ոչ: Սփիւռքի նախարարութիւնը սփիւռքահայերի համար է նախատեսուած, նրանք էլ պէտք է գնահատականներ հնչեցնեն: Մեր
նախարարութիւնը դրսում ապրող մեր հայրենակիցների խնդիրներով է զբաղւում, իսկ թէ ինչպիսին է մեր աշխատանքը կարծում եմ պէտք է հարցնել դրսում ապրող մեր հայրենակիցներից: Բոլոր սփիւռքահայերն էլ միշտ ողջունել ու շնորհաւորել են այս նախարարութեան աշխատանքը, ոգեւորուել` նախարարութեան գործունէութեամբ: Եթէ նախարարութեան մասին այլ կարծիքներ լինէին, սփիւռքահայը նպատակայարմար չէր գտնի մեզ հետ համագործակցել. մեր բոլոր ծրագրերը կը տապալուէին: Կրկնում եմ, մենք աշխատում ենք սփիւռքի համար:

Մեր գործունէութեան ոլորտն ու օբյեկտը սփիւռքն է:  Գալով նախարարութեան լուծարմանը` նախ ասեմ, որ նախարարութիւնները քարացման մեխանիզմով չեն աշխատում: Դրանք եւ՛ աւելանում են, եւ՛ լուծարւում, եւ՛ միաձուլւում, եւ փոքրանու՛մ: Կեանքն այսօր այնպիսին է, որ իր հետ բերում է նոր փոփոխութիւններ, այդ թւում եւ` կառավարման համակարգում: Եթէ վաղը նպատակայարմար եղաւ, չի բացառւում, որ լուծարուի: Տայ Աստուած, որ մենք սփիւռք չունենանք, սփիւռքի նախարարութիւնն էլ չլինի: Ինչ վերաբերում է արդէն նախարարութեան միաձուլմանն, ապա պէտք է հաշուի առնել, թէ կառավարման համակարգին ու իշխանութեանն ինչ գործիքներ են այսօր պէտք: Երբ մեր իշխանութիւններին անհրաժեշտ չեղաւ «Սփիւռքի նախարարութիւն» կոչուող գործիքը, մենք եւս կը լուծարուենք ու կը միանանք այս կամ այն նախարարութեանը: Կարծում եմ, որ այս թեման աւելորդ շահարկումների ու խօսակցութիւնների թեմա չպէտք է դառնայ:

Նախարարութիւնը ստեղծուել է պահի նպատակայարմարութիւնից ելնելով: Իսկ այն, որ այս նախարարութիւնն արդէն 17 տարի ուշացած է ստեղծուել, դա արդէն իսկ փաստ է: Երբ 1991 թուականին Հայաստանն անկախացաւ, ամբողջ հայութիւնը երջանկութիւնից, ոգեւորութիւնից չգիտէր ինչ անել: Ժողովուրդն ուզում էր համախմբուել, գործ անել Հայաստանում, բայց այդ ամէնը համակարգող մարմին չկար: Այսօր ահա, կարելի է ասել, որ գոյութիւն ունի մի մարմին, որ կարողանում է համախմբել գիտելիքը, ուժը, հայրենսիրութիւնն ու մարդկանց ունակութիւնները, ինչը ողջունելի է բոլորի կողմից:

Եւ վերջաւորութեան, ձեր մաղթանքը գալիք տարուան մեր հայրենակիցներուն, ինչպէս նաեւ` սփիւռքի ներկայացուցիչներուն:

-Իբրեւ սփիւռքի խնդիրներ համակարգող մարմին, ուզում եմ նախ եւ առաջ շնորհաւորել բոլորին ու մաղթել միայն ու միայն խաղաղութիւն: Այդ խաղաղութիւնն այսօր ոչ միայն Հայաստանին ու տարածաշրջանին է պէտք, այլ ամբողջ աշխարհին: Մաղթում եմ, որ 2015 թուականը լինի խաղաղութեան, հանգստութեան, կայունութեան տարի: Ամբողջ աշխարհում էլ կան հայեր, եւ եթէ որեւէ երկրում ինչ-որ խնդիր է առաջանում, դա նաեւ ազդում է մեր հայրենակիցների վրայ, եւ հետեւաբար Հայաստանը դառնում է դրա անմիջական կրողը: Ես կը ցանկանամ նաեւ, որ մեր հայութեան պատիւն ու անունը շատ աւելի բարձր հնչի: Մեր մէջ կան մարդիկ, ովքեր իսկապէս փառքի են արժանի եւ պատիւ կարող են բերել ցանկացած ազգի: Պէտք է մեր պատիւը բարձրացնել, գնահատել,
ուժ տալ եւ ոգեւորել նրանց: Կը ցանկանայի, որ 21-րդ դարում մեր երիտասարդութիւնը շատ մրցունակ ու գրագէտ լինէր:

Այսօր իսկապէս գիտելիքի, գաղափարի ու նորարարութեան դար է, իսկ դրա կրողը նախ եւ առաջ պէտք է լինի երիտասարդութիւնը: Մաղթում եմ, որ 2015 թուականին նրանք նորանոր բարձունքների հասնեն: 2015 թուականը մեզ համար նաեւ խորհրդանշական է: Ուզում եմ, որ այն նշանաւորուի ոչ միայն մեր պետութեան համար, այլեւ` ազգի: Նպաստաւոր տարի լինի մեր Արցախի համար: Ուզում եմ, որ տարին նշանաւորուի Հայոց ցեղասպանութեան ճանաչմամբ ու դատապարտմամբ: Վերջապէս Թուրքիան դարձի գայ ու ընդունի իր սխալը, որպէսզի պատմութիւնը չկեղծի ու աղաւաղի: Ուզում եմ, որ վերջապէս Թուրքիան դադարի սեպ խրել Հայաստանի ու հայկական սփիւռքի միջեւ, չնայած` կարծում եմ դա նրան այդպէս էլ չի յաջողւում:

2015 թուականը պէտք է հայ ժողովրդի համար դառնայ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիսանութեան համախմբման կազմակերպուածութեան մի իւրօրինակ տարի: Յաջորդ տարի մենք ասելիք ու անելիք ունենք, Հայ դատն առաջ տանելու խնդիր ունենք: Պէտք է կարողանանք աշխարհի շատ հարթակներում ու ատեաններում մեր խնդիրները բարձրացնել ու պահանջել մեր համայնքային ու համազգային իրաւունքները: Տայ Աստուած, որ այն առաւելագոյնն ու նուազագոյնը, որ մենք ցանկանում ենք, իրականան 2015 թուականին: Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ…

Scroll Up