Դեսպանները Պէտք Է Նպաստեն Ներդրումներու Ներգրաւման
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/11359_am_3.jpg)
Այսօր տեղի ունեցած է ՀՀ կառավարութեան հերթական նիստը, որ վարած է ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեան:
Վերջինս կառավարութեան անդամներու ուշադրութիւնը հրաւիրած է ներդրումներու ներգրաւման եւ այդ գործին մէջ դեսպաններու դերակատարման վրայ. «Բոլորդ գիտէք, որ մեր դեսպանները Հայաստանի Հանրապետութիւնում են: Ես հանդիպել եմ իրենց, եւ մի երկու հարց կայ, որոնց վերաբերեալ դեսպանները կառավարութեան ուշադրութիւնն են հրաւիրում: Խօսքը հետեւեալն է. ես իրենց առաջարկել եմ, որ նաեւ զբաղուեն Հայաստան ներդրումներ ներգրաւելով: Հանրապետութեան նախագահին էլ եմ առաջարկել, որ դա դեսպանների աշխատանքի մէկ բաղադրիչը հանդիսանայ: Ին՞չ են ասում դեսպանները` որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրութեան չեն արժանանում, իսկ եթէ նոյնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացուած չեն: Կոնկրէտ փաստեր են նշել:
Դեսպանները նաեւ բողոքում են, որ նախարարութիւններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկութիւններ: Եթէ դեսպանը պէտք է հանդիպի տուեալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պէտք է ձեռքի տակ ունենայ ծրագրեր, որպէսզի դրանք ներկայացնի ներդրողներին: Ուստի համապատասխան նախարարները, նախարարութիւնները պէտք է մտածեն, որպէսզի դեսպաններին տրամադրեն լիարժէք ներդրումային ծրագրեր: Իմ կարծիքով` դեսպանների այդ աշխատանքը պէտք է ունենայ իր դրական արդիւնքը, եւ մենք պէտք է շատ յստակ աշխատենք նրանց հետ: Համապատասխան նախարարներին յանձնարարում եմ, որպէսզի պատրաստեն ծրագրեր եւ արտաքին գործերի նախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին»: Այս մասին կը տեղեկացնեն ՀՀ կառավարութեան մամլոյ ծառայութենէն: