«Արարատ Լերան Մասին Խօսելուս` Աչքերս Կ’արցունքոտին». Եկատերինա Թազայեան

ՀՀ սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակից Եկատէրինա Թազայեանը ծրագրի բացման պաշտօնական արարողութեան ժամանակ աչքի ընկաւ հայրենասիրական կեցուածքով եւ անմիջական պահուածքով: Եկատերինան, արտասանելով Եղիշէ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնը, չկարողացաւ թաքցնել արցունքները եւ լաց եղաւ:

«Հայերն այսօր»-ը աղջնակի հետ զրոյցում պարզեց նրա յուզմունքի պատճառը:

-Եկատերինա՛, պատմական ի՞նչ տեղեկութիւններ գիտես քո ծննդավայրի մասին:

-Գիտեմ, որ Վրաստանի Ծալկայի տարածաշրջանի Ղզրքիլիսա գիւղը մինչեւ այսօր պահպանում է իր անուանումը, որը նշանակում է Կարմրավանք: Ծալկան այնպիսի շրջան է, որտեղ ապրում են եւ՛ սուաններ, եւ՛ աճարներ, եւ՛ հայեր, եւ՛ վրացիներ: Մեր գիւղում հայկական բոլոր աւանդոյթներն առ այսօր պահպանւում են:

Գործում են հայկական դպրոց եւ հայկական պարի խմբակ, Հայ Առաքելական եկեղեցու դռները միշտ բաց են, որի հոգեւոր հովիւը ջերմեռանդօրէն մեզ եկեղեցու շուրջ է համախմբում եւ հոգեւոր գիտելիքներ տալիս:

-Ինչը՞ քեզ «Արի տուն» բերեց:

-Քոյրս մասնակցել էր «Արի տուն» ծրագրին, եւ նա այնքան հիացական խօսքերով էր պատմում ինձ ծրագրի մասին, որ ակամայից մասնակցելու ցանկութիւն առաջացաւ:

Ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ հնարաւորութիւն ունեցայ ոչ միայն Հայաստան այցելելու, այլեւ տեսնելու պատմական վայրերը, վայելելու մարդկանց ջերմ ու անկեղծ վերաբերմունքը եւ հայոց լեզուի գիտելիքները կատարելագործելու: Պէտք է իւրաքանչիւր սփիւռքահայ պատանի անպայման «Արի տուն» ծրագրի մասնիկը դառնայ:

– Առաջին անգա՞մ էիր լինում Հայաստանում:

-Ոչ, մինչ այս մէկ անգամ արդէն եկել էի, բայց շատ վայրերում չէի եղել, միայն Ծիծեռնակաբերդ էի հասցրել գնալ:

Երբ առաջին անգամ Հայաստան էի գալիս, շրջապատում ինձ ասացին, որ այցելութիւնից յետոյ ինձ լիարժէք հայ կը զգամ: Սահմանն անցնելուն պէս, սրտի թրթիռով` մտովի փորձում էի այդ փոփոխութիւնը զգալ: Երբ ձիւնածածկ Արարատը տեսայ, ամէն ինչ ինձ համար պարզ դարձաւ…

Առհասարակ, ամէն անգամ մեր Բիբլիական լերան մասին եմ խօսում, աչքերս արցունքոտւում են:

Նոյն զգացողութեամբ համակուեցի, երբ ՀՀ սփիւռքի նախարարութիւնում «Արի տուն» ծրագրի բացման արարողութեան ժամանակ Եղիշէ Չարենցի «ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնն ասմունքեցի: Յուզմունքիս պատճառը նաեւ մէկ վայրում այդքան շատ սփիւռքահայ երեխաների հաւաքուած  տեսնելն էր:

–«Արի տուն» ծրագրի կարեւոր մասերից մէկն էլ ճամբարային  օրերն են: Ին՞չ տպաւորութիւններ ես ստացել ճամբարից:

-Հեքիաթային էին ճամաբարային օրերը, անմոռանալի յուշերով ենք վերադարձել:

 Աղաւնաձորում գտնուելու ժամանակ աւելի մտերմացանք ու լաւ ճանաչեցինք իրար: Կարծում եմ` մեզանից ոչ ոք հայրենասիրական ոգով տոգորուած այդպիսի օրեր դեռեւս չէր ապրել: Արդէն մեր անկեղծ կապը ստեղծուել է, բոլորս խոստացել ենք, որ միահամուռ ուժերով յետագայում կապը կը պահպանենք:

– Երբեւէ մտածե՞լ ես Հայաստանում հաստատուելու մասին:

-Մինչ «Արի տուն» ծրագրին մասնակցելը, միշտ մտածել եմ, որ Վրաստանում եմ բարձրագոյն կրթութիւն ստանալու:

Ցանկանում եմ իրաւաբան դառնալ, եւ գուցէ յետագայում այնպէս ստացուի, որ Հայաստանում ապրեմ եւ սովորեմ:

Զրուցեց Գէորգ Չիչեան

 

Scroll Up