ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի Ցաւակցական Հեռագիրը Մայր Աթոռի Միաբան Տ. Արսէն Արք. Պերպերեանի Մահուան Առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Վեհափա´ռ Տէր,
Խոր վշտով իմացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբան Գերաշնորհ Տ. Արսէն արքեպիսկոպոս Պերպերեանի մահուան բօթը:
Հայ Առաքելական Եկեղեցու զօրացման եւ քրիստոնէական հաւատքի ամրապնդման գործում մեծ աւանդ ունեցող հոգեւորականի վախճանը յիրաւի ծանր կորուստ է ինչպէս Հայոց Եկեղեցու, նաեւ հաւատացեալ հայ ժողովրդի համար:
Նրա հոգեւոր կենսագրութիւնը շաղկապուած է Հայրենիքին եւ հայկական Սփիւռքին, Լոնդոնի Արքայական քոլեջում եւ երաժշտական ակադեմիայում ուսումնառութեան տարիները նա համատեղեց տեղի հայ համայնքի հոգեւոր հովուի պաշտօնին` իր նպաստը բերելով ազգային հոգեւոր աւանդների պահպանման եւ ամրապնդման գործին: Նրա` ազգային-եկեղեցական ուսանելի քարոզները տարածուել են Անգլիայի եւ ԱՄՆ Արեւմտեան Հայոց թեմերում, Շուէդիայի հոգեւոր հովուութիւնում եւ այլուր:
Նուիրեալ հոգեւորականի հեղինակութեամբ բազմաթիւ ուսումնասիրութիւնները, պատմական ու երաժշտական դասագրքերը, հրապարակախօսական աշխատութիւնները, հոգեւոր երգերի ու շարականների ձայնապնակներն ու ձայնագրութիւնները գալիս են լրացնելու Հայ Եկեղեցու այն բազմերանգ գունապնակը, որը սրբօրէն աւանդել են մեր հոգեւոր հայրերը:
Անգնահատելի է Սրբազան հօր ներդրումը հայ ինքնութեան պահպանման, Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման գործում, ինչպէս նաեւ նրա արժանապատիւ կեցուածքն ու բծախնդիր մօտեցումը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը սատարելու եւ Արցախեան հիմնախնդրի արդարացի ներկայացման հարցում:
Հայ եկեղեցու մերօրեայ նուիրեալը տարբեր հեղինակաւոր ատեաններից առաջ քաշեց հարազատ ժողովրդի շահերից բխող հարցադրումները` նորովի իմաստաւորելով էկումենիկ միջեկեղեցական կեանքը:
Ընդունէ´ք իմ խորին ցաւակցութիւնը: Այս ծանր պահին մենք Ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստի ցաւն ու վիշտը:
ՄԱՏՉԻՄ Ի ՀԱՄԲՈՅՐ ՍՈՒՐԲ ԱՋՈՅԴ,
ԽՈՐԻՆ ԵՐԿԻՒՂԱԾՈՒԹԵԱՄԲ`
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ