Մայրենիի Օրուան Ընդառաջ. Խօսինք Հայերէն
Մեր շուրջը լեզուներ նոր ու հին
Մեր շուրջը կը խօսին այլօրէն,
Եկ խօսինք, եղբայր իմ, հայերէն,
Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թոյլ չտանք մեր լեզուն աւերեն,
Եկ խօսինք, մի՛շտ խօսինք հայերեն»:
Խաչիկ Դաշտենց
Փետրուար 21-ին Մայրենիի օրն է, որ ամրագրուած է ԵՈՒՆԵՍԿՕ-ի կողմ: Տօնին ընդառաջ, քալելով Երեւանի փողոցներով ու զրուցելով մեր հայրենակիցներէն քանիս մը հոգիի հետ, ունկնդիր եղայ անոնց կարծիքներուն, առաջարկութիւններուն, որոնք կը ներկայացնեմ «Հայերն այսօր»-ի ընթերցողներու ուշադրութեան:
Գայեանէ Սիմոնեան, Երեւան, տնային տնտեսուհի- ես չգիտէի, որ այդպիսի տօն կայ. պա ինչու՞ հեռուստատեսութիւնն ու ռատիոն, թերթերն այդ մասին նախօրօք չեն գրում, որ մենք էլ իմանանք, մասնակցենք միջոցառումներին: Կամ էլ` այդ օրուան նուիրուած շատ հաղորդումներ պատրաստեն եւ ոչ թէ` լացացնեն հնդկական սերիալներով ու բրազիլական այլանդակ ֆիլմերով, հայկական յոգնեցնող սերիալներով…ես մաթեմատիկոս եմ, ուղղակի աշխատանք չունեմ, ամբողջ օրը տանն եմ, երեխեքի հետ, իրենց դասերով…որ ասեմ` մեր տանը շատ մաքուր հայերէնով ենք խօսում, սու՛տ կը լինի. դպրոցից, շրջապատից, բակից հեռուստատեսութիւնից այնքա՜ն բան են սովորում` նատուռի, հելնեմ, տենամ, վօբշըմ, օքէ՛յ, մամ, սոտըւի, պիսկեմ արա՜, ճէպ, աւտոյի բանդաժները, սումկա չխոլ, պլեոնկա…պայքարն էլ դժուար է, տղաներ են: Հարկաւոր է ուրիշ բան մտածել, կարծում եմ` պետական մակարդակով:
Կարապետ Յակոբեան, վարձակառքի վարորդ– Այ, քու՜րս, ի՜նչ ես կորցրել, ինչ ես ման գալիս…խօսում ենք էլի, իրար հասկանում ենք, պը՛րծ: Ես մենակ էդ անգլերէնով բառերը չեմ սիրում` օքէ՜յ, վաու…խանութների՜ վրայ սաղ անգլերէն են գրում, Դուք դրա մասին մտածէք…ես եմ ու անգլերէն չգիտեմ, չիմանա՞մ, թէ ինչա գրած, ինչ խանութ ա…հլը մի հատ գան Ամերիկա, Անգլիա, տես դրանք հայերէն մի բան գրած ունե՞ն իրանց խանութների, օբյէկտների վրա…մերոնք լեզուին դաւաճանում են. թող պետութիւնը՛ տուգանք դնի` ոնց որ մեր աւտոների սխալի վրայ….
Սէրինէ Համբարձումեան, ուսանողուհի- կը ներէք, բայց ես չեմ ներկայացնի իմ բուհի անունը, որովհետեւ հէ՛նց մեր դասախօսներից մի քանիսը մեզնից աւելի վատ,սխալ հայերէնով են խօսում` ա-երով, ըստեղ-ընդեղ-ով…էլ սովորական, հասարակ ժողովրդից ի՞նչ պահանջէս, դէ երեխեքն էլ` նայած` ով ինչ ընտանիքից, ինչ միջավայրից, ինչ շրջանից է եկել: Ես ապագայ տնտեսագէտ եմ, երեւի շատ մաքուր հայերէնով յետագայում միշտ չկարողանամ իմ մասնագիտութեան բերումով խօսել, կը ցանկանայի, որ այդ եւ միւս ոլորտներին առնչուող հայերէն համարժէք բառերով բառարաններ գրուեն.օրինակ` շինարարական տերմինների, իրաւաբանական, մեքենաշինական եւ այլն: Ինչ վերաբերում է Մայրենիի օրուան, լսել եմ, գիտեմ, բայց կը ցանկանայի, որ այն շատ մեծ շուքով նշուի մեր երկրում:
Շողիկ Մեսրոպեան, Մալաթիա տօնավաճառի վաճառողուհի-ես ինստիտուտ եմ աւարտել, բայց էսօր առեւտուր եմ անում, դա չի նշանակում, որ մենք ոնց ուզենք, պէտք ա խօսենք, ուղղակի հագուստի, ներքնաշորերի տեսակներ կան, որոնց անունները հայերէն ասես, կը սկսեն ծիծաղել, չեն հասկանայ, շատ ապրանքների հայերէն անունները ես էլ չգիտեմ: Չգիտեմ` ինչ պէտք ա անել, որ Հայաստանում հայերը խօսեն մաքուր հայերէնով: Մայրենիի տօնի մասին չգիտէի, շատ ուրախ եմ, որ Մայրենիի տօն կայ ու շնորհաւորում եմ բոլոր հայերին` տօնին ընդառաջ եւ ցանկանում եմ, որ աշխատենք պահպանել մեր լեզուն, խօսենք մաքուր, գեղեցիկ մայրենիով:
Ճուլիէտ Մարտիրոսեան, «Աւանգարդ» թերթի գլխաւոր խմբագիր-ցաւօք, մեր մայրենին անխնայ կերպով խոշտանգւում է ամէնուր` հեռուստատեսութիւնում, շատ ընտանիքներում, փողոցում, համացանցում, որտեղ լատինատառերով գրելը ոչ միայն հայերէն տառեր չունենալու պատճառն է, այլեւ` սեփական անգրագիտութիւնը ծածկելու, եւ դրանից ծնւում է միւս սխալը` ասենք` j, x(kh) տառերն ամէն մէկը գրում է իր ցանակացած ձեւով: Հեռուստատեսութիւնը խորացնում է լեզուի նկատմամբ մեղանչումները: Որախալի է, որ վերջին շրջանում խօսւում է լեզուի մասին, կան մտահոգութիւններ, սակայն դա քիչ է: Ես կարծում եմ, որ պատկան մարմիններն աւելի շատ պէտք է մտահոգուեն այդ խնդրով եւ օրէնքով կասեցնեն լեզուի աղէտալի վիճակը: Մեր պետական լեզուն հայերէնն է եւ դրանով ամէն ինչ ասուած է, եւ ոչ ոք իրաւունք չունի ոտնձգութիւններ անել մեր սուրբ մայրենիի հանդէպ: Օտարատառ ցուցանակները, փողոցներում եղած անգլերէնաբառ գովազդային վահանակները ոչ միայն գրուած են օտար լեզուով, այլեւ` լի են նոյն այդ լեզուով գրուած սխալներով: Պատկան մարմինները պէտք է լրջօրէն զբաղուեն այդ հարցով: Ես պէտք է առանձնացնեմ ՀՀ սփիւռքի նախարարութեան հետեւողական ու շնորհակալ մեծ աշխատանքը մայրենիի անաղարտութեան, պահպանման գործում: ՀՀ սփիւռքի նախարարը ոչ միայն Մայրենիի օրուայ նախաձեռնութեան հեղինակը դարձաւ մեզանում, այլեւ հետեւողականօրէն ամէն տարի նշում է Մայրենիի օրը` դրանով մարդկանց գիտակցութեան մէջ մշտապէս արթուն պահելով հայոց լեզուն անաղարտ պահելու գաղափարը: Գիրք նուիրելու օր նշողն ի՞նչ իրաւունքով է Մանկավարժական համալսարանի դիմաց մի ցուցանակ ամրակայել, վրան գրուած` «միայն ուղտը գիրք չի կարդում»: Աա ի՞նչ է նշանակում, որ ոչխարները, այծերը, աւանակները կարդու՞մ են… Այս անհեթեթութիւնը պէտք է հանել, ո՞վ է նման «հանճարեղ» մտքի հեղինակը: Սա ազդում է մարդկանց հոգեբանութեան վրայ, եւ այդ խաթարուած հոգեբանութիւնից են ծնւում, սկիզբ առնում շատ մերժելի արարքներ:
Որպէս քաղաքացի` առաջին հերթին շնորհաւորում եմ Սփիւռքի նախարարին, որ հետամուտ է այս տօնի յիշատակմանը` միջոցառումներով համեմուած օրուայ խորհուրդը հասանելի ու տեսանելի դարձնելով մեր ժողովրդին, այնուհետեւ շնորհաւորում եմ համայն հայութեանը: անչափ շնորհակալ ենք Հրանուշ Յակոբեանին, որ կարողացաւ մեր հայեացքը սեւեռել այդ կարեւոր օրուան, այդ ազգանպաստ երեւոյթին, սակայն լեզուի անաղարտութեան հարցը ամէնօրեայ աշխատանք է, մշտատեւ: Աստուած տայ, որ միւս նախարարութիւնները հետեւեն Սփիւռքի նախարարութեան օրինակին. եթէ չեն ձեռնարկում, ապա` գոնէ արձագանքեն:
Պատրաստեց Կարինէ Աւագեան