Վանի քաղաքապետարանը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Վանի քաղաքապետարանի խորհրդի նիստում մասնակիցները հարգել են Հայոց ցեղասպանությա եւ Էնֆալի կոտորածի զոհերի հիշատակը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Վանի քաղաքապետարանի կայքից, քաղաքապետարանի խորհրդի 3-րդ նիստի սկզբում խորհրդի փոխնախագահ Ջահիթ Բոզբայ եւ «Ժողովրդավարական տարածաշրջաններ» (DBP) կուսակցության խոսնակ Ռամազան Ալվերը հանդես են եկել Հայոց ցեղասպանության եւ Էնֆալի կոտորածի հետ կապված հայտարարությամբ։
Վանի քաղաքապետարանի խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ դատապարտում են իրականացված Հայոց ցեղասպանությունն ու Էնֆալի (Սադամի օրոք քրդերի կոտորած Իրաքում-խմբ) կոտորածը եւ հարգում զոհերի հիշատակը։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է, որ հասարակությունը առերեսվի տեղի ունեցած ցեղասպանությունների եւ կոտորածների հետ։
Ռամազան Ալվերն իր հերթին հայտարարել է, որ 1915-ին հայերի հետ տեղի ունեցածը մարդկային ողբերգություն է, որը հենց ցեղասպանություն իմաստն ունի։ Նա շեշտել է, որ DBP-ը 1915-ը որպես ցեղասպանություն է ճանաչում՝ նշելով, որ Հռոմի Պապի հայտարարությունը տեղի ունեցածի հստակ պարզաբանումն էր։
«Չնայած տեղի ունեցածից 100 տարի է անցել, սակայն այն դեռ իր թարմությունը պահած մարդկային ողբերգություն է։ Պետությունն էլ փորձում է կոծկել այն»,-ասել է Ռամազան Ալվերը։