«Կես կատակ, կես լուրջ». Հանդիպում Նարեկ Դուրյանի հետ

«Հարմոնիա›› հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի և «Սփյուռքահայ ուսանողների խորհրդի›› ջանքերով տեղի ունեցավ «Ականջդ բեր ասեմ» խորագրով ծրագրի 3-րդ հանդիպումը: Այս անգամ ծրագրի հյուրն էր ճանաչված դերասան Նարեկ Դուրյանը:
Հանդիպումն ինքնին հիմնված էր հարց ու պատասխանի վրա, որի ընթացքում խոսելու հնարավորություն ուներ ոչ միայն հյուրը, այլ նաև` ներկաները, ինչն ապահովում էր ակտիվ քննարկում, իսկ հանդիպման վերջում` հարազատ մթնոլորտ, ոից դժվար էր բաժանվել: Զրույցը պտտվում էր արվեստի, գրականության, լեզվի, կրոնի և, միանաշանակ, մարդու առեղծվածի բացահայտման շուրջ:
Հանդիպումից պարզ դարձավ, որ պրն. Դուրյանի համար կարևոր է երկիրը չմեկուսացնելը, իսկ դրան նպաստում է ռուսական, անգլիական դպրոցների փակումը, որը տանում է մեկուսացման`խոչընդոտելով երկրի զարգացմանը. «Միայն ճոխ հայերեն իմանալով հայրենասեր չես լինի: Մեր սերունդը «հայրենասեր չէր», բայց ֆիլհարմոնիայի բեմից ռաբիզ երաժշտություն չէր հնչում, մենք խոսում էինք ռուսերեն, բայց լավ էինք տիրապետում նաև մայրենի լեզվին և դա չէր սահմանափկվում զուտ լավ շարադրություն գրելով»,- նշեց Նարեկ Դուրյանը:
«Մեկ անգամ ևս համոզվեցի, որ արվեստագետներին տրվող կոչումները որոշում է լսարանը: Իսկ պրն. Դուրյանը ժողովրդական արտիստ է, այդ են վկայում մեր փայլող աչքերը և երկուսուկես ժամ տևած հանդիպումը, որի ընթացքում ստացանք ավելին, ինչը փաստում է նաև ծրագրի նպատակի կայացած լինելը` կենսափորձի փոխանցում»,- ասաց հանդիպման մասնակիցներից Տաթև Մատինյանը։
Ըստ «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի ղեկավար Աշխեն Մկոյանի՝ հանդիպումը շատ արդյունավետ էր. «Արդյունքը գերազանցեց մեր սպասելիքները. շատ ջերմ ու հարուստ հանդիպում ունեցանք` համեմված հումորով: Շնորհակալ եմ պարոն Դուրյանին, որ մեզ հետ կիսվեց իր պատմությամբ ու փորձով: Կարծում եմ` նմանատիպ հադիպումների կարիքն իսկապես կա. այդ է վկայում երիտասարդների ակտիվությունը և օրեցօր աճող ոգևորությունը»:
Լաուրա Մամյան
Զառա Մանուչարյան