Սկսնակ գործարարների 365 բիզնես ծրագրեր կյանքի են կոչվել ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ

Սկսնակ գործարարների 365 բիզնես ծրագրեր կյանքի են կոչվել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի «Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագրի շնորհիվ։

Ինչպես «Արենպրես»-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի մամուլի քարտուղար Դավիթ Մուրադյանը, հիմնված բիզնեսները հիմնականում եղել են արտադրության, ծառայությունների և առևտրի ոլորտներում։ «Հիմանական շեշտը դրված է արտադրության զարգացմանը։ Բիզնեսների 70 տոկոսից ավելին տեղաբաշխված է Հայաստանի մարզերում և նպատակ ունի մարզերում ևս խթանելու տնտեսական ակտիվությունը»,-նշեց Մուրադյանը։

«Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունենում օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից: Դավիթ Մուրադյանի խոսքով՝ 2006-2013 թվականներին սկսնակ գործարարներին տրամադրված վարկերի չափը կազմում է 430 մլն, իսկ երաշխավորության գումարը 487 մլն։ «Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը սկսնակի ցանկությամբ ներկայացվում են վարկավորման Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով։ Նրանց տրվում է առավելագույնը 5 մլն դրամ, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվում է 100 տոկոս երաշխավորություն»,-ասաց Մուրադյանը։

«Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագիրը գործում է 2006 թվականից։ Ծրագրի մասնակից սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Այդ ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը և ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:

armenpress.am

Scroll Up