Մեկնարկեց «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Ապրիլի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը՝ «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ գիտաժողովին հնչեցին Հայաստանի Հանրապետության և ՀՕՄ-ի օրհներգները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին հայ կանանց նման համախմբումը բացառիկ խորհուրդ ունի: Մենք հավաքվել ենք վերաարժևորելու հայ կնոջ տեղն ու դերը հայ ժողովրդի համար ամենաողբերգական պահերին և պատմական զարգացման ներկա փուլում, նրա մասնակցությունը համազգային խնդիրների լուծման գործում: Հայկական Սփյուռքում ի սկզբանե հայապահպանությունն ու ազգային առաջընթացի տաճարը կառուցվել է չորս զորավոր հիմնասյուների վրա՝ Հայ ընտանիք, Հայ եկեղեցի, Հայ մշակույթ և Հայ լեզու ու դպրություն: Եվ այդ սյուները կանգուն են մնացել նախևառաջ հայ կնոջ նվիրումի, վճռականության, նրա թափած ջանքերի ու աշխատանքի, նրա մեծ հավատի շնորհիվ»,-իր խոսքում շեշտեց Հրանուշ Հակոբյանը (նշենք, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքն ամբողջությամբ «Հայերն այսօրը» կհրապարակի քիչ ուշ):

«Կարծես երեկ էր, երբ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին հայությունը՝ Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր անկյունները, միակամ ու միաբերան վերջ դրեց ողբ ու կոծին և տարավ իր արդար Դատը եկեղեցու դարպասից դեպի քաղաքական կրկես ո´չ որպես մարտիրոսացած ժողովուրդ, այլ որպես վերազարթնող ազգ, պատրաստ ամեն զոհողության, պատրաստ պայքարելու՝ որպես արդարության ու հատուցման պահանջատեր, մինչև վերջնական հաղթանակ»,-իր ողջույնի խոսքում նշեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության   ատենապետուհի  Վիգի Մարաշլյանը և հավելեց, որ այդ ճակատագրական պայքարի մեջ մեծ էր հայ կնոջ դերը, ով կանգնեց իր զավակի ու ամուսնուն կողքին և ինչպես անցյալում, այսօր ևս մեծ դեր ունի կատարելու (նշենք, որ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանի խոսքն ամբողջությամբ «Հայերն այսօրը» կհրապարակի քիչ ուշ):

Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանը ևս իր ողջույնի խոսքում կարևորեց հայ կնոջ դերը ու նշեց, որ հայ կինն ինչպես անցյալում, այսուհետ նույնպես շարունակելու է հավատարիմ մնալ իր կոչմանը:

Գիտաժողովի մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց ռեժիսոր Սյուզան Խարդալյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ գիտաժողովը նախաձեռնելու համար և նշեց, որ նա իր աշխատանքներում շեշտը դնում է այն կանանց վրա, որոնք Ցեղասպանությունից հետո շարունակեցին ապրել:

Այնուհետև ցուցադրվեց հատվածներ Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմից:

Ֆիլմի դիտումից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հասարակական, քաղաքական գործիչ Իշխանի (Նիկողայոս Պողոսյան) անունը կրող բարձը  (նշենք, որ «100 բարձ ապրելու համար» նախագծի շրջանակներում 100 բարձերը փոխանցվելու են Սփյուռքի մեր հայրենակիցներին) նվիրեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանին:

Գիտաժողովին ելույթ ունեցավ նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով շեշտեց, որ հայ կնոջ դերի մասին բարձր ըմբռնումը մեզ հայտնի է դարձել պատմությունից և, իհարկե, մեր կանանց սխրագործություններից:

«Ուսումնատենչությունը, նվիրումը, անձնազոհությունը եղել է հայ կնոջ առաքելությունը: Առաքելություն, որն այսօր էլ հայ կինը պատվով է կատարում»,-ասաց Էդիկ Մինասյանը:

«Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքները շարունակվում են:

Հավելենք, որ գիտաժողովի շրջանակներում  տեղի կունենա նաև Հայաստանում հաստատված սիրիահայ հրուշակագործների և ձեռագործի վարպետների աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ:

Գիտաժողով1 ԳԻտաժողով2 Գիտաժողով3

Scroll Up