Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի ժամանակ անդրադարձել են ԼՂ խնդրին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները հունիսի 29-30-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, մասնակցել են Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդներ՝ յուրաքանչյուր երկրից 15 պատվիրակ։ Երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացնում էին իրենց երկրների տարբեր կուսակցությունները։

Համաժողովը բաղկացած էր երեք բաժնից՝ «Եվրոպական հարևանության քաղաքականություն. տեսակետներ Եվրամիությունից և Հարավային Կովկասից», «Համաշխարհային անվտանգության մարտահրավերներ. հայացք Հարավային Կովկասից», «Տնտեսականա համագործակցություն՝ ԵՄ-Հարավային Կովկաս»։

Համաժողովը բացել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող Սուրեն Պետրոսյանին, ով իր ելույթում անդրադարձել է եվրոպական հարևանության քաղաքականությանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին և Հայաստանում ժողովրդավարության զարգացման միտումներին։

Համաժողովն ընթացել է բավական թեժ մթնոլորտում։ Քննարկումները զերծ չեն մնացել հակամարտությունների թեմայի շուրջ անդրադարձներից։ Բարձրացվել է Ղարաբաղյան հակամարտության հարցը։ «Ադրբեջանցի պատվիրակները, որպես կանոն, իրենց դրսևորում էին ապակառուցողական, ինչը ստանում էր Հայաստանի տարբեր կուսակցությունները ներկայացնող երիտասարդների և կազմակերպիչների համարժեք արձագանքը։ Հայկական պատվիրակությունն առաջարկեց մի փաստաթուղթ, որտեղ ընդգրկված կլինեն այն կետերը, որի շուրջ երիտասարդները կկարողանան համագործակցել առանց նախապայմանների և քաղաքակիրթ մթնոլորտում։ Առաջարկն ընդունվեց կազմակերպիչների, Եվրամիության ներկայացուցիչների կողմից, կազմվեց և քվեարկության արդյունքում միաձայն ընդունվեց կոմյունիկե, որն արձանագրում էր հարավկովկասյան երկրների միջև խաղաղ բանակցությունների ամրապնդման և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը»,- ասված է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

panarmenian.net

Scroll Up