Ռուս պատմաբան. Գլուխ եմ խոնարհում Հռոմի պապի առջև
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Georgi-Mirski.jpg)
Ռուս պատմաբան, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Գեորգի Միրսկին հոդված է հրապարակել` անդրադառնալով ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի արած հայտարարությանը:
PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ, ինչպես գրում է Միրսկին իր հոդվածոմ, «Պապն իր ծանրակշիռ խոսքն ասաց. «Նախորդ դարում մեր մարդկային մեծ ընտանիքը վերապրել է 3 աննախադեպ և զանգվածային ողբերգություն»: Նա չվախեցավ օգտագործել «ցեղասպանություն» բառը` այդ ոճրագործությունների համար պատասխանատու համարելով Օսմանյան կայսրության իշխանություններին, նացիզմն ու ստալինիզմը:
«Թուրքահպատակ հայերի աղետն առաջինն էր այդ հանցավոր շղթայում: Ամեն ինչ սկսվեց Ստամբուլում հայ մտավորականների վերնախավի ոչնչացումից 1915-ի ապրիլի լույս 25-ի գիշերը: Մի քանի ամսվա ընթացքում թուրքահպատակ հայերի երկու երրորդը, գրեթե 1 միլիոն 300 հազար մարդ, անհետացավ երկրի երեսից: Եվ դա ամբողջը չէր: Առաջին համաշխարհայինի մեկնակից առաջ Օսմանյան կայսրության 16-20 մլն բանկիչներից երկու միլիոնը հայեր էին: Այժմ Թուրքիայում կա մոտավորապես 60 հազար հայ: Իշխանությունները հայերի հանդեպ, որոնց մեղադրեցին ռուսական բանակին աջակցելու մեջ, իրենց վայրագ ատելությամբ տոգորված, ոչնչացրեցին մշակույթն ու կրոնը: 2,5 հազար եկեղեցիներից և 450 վանքերից մնացել է 40 եկեղեցի, որից 34-ը` Ստամբուլում:
100 տարվա ընթացքում այդ մասին անհամար աշխատություններ են գրվել: Վերջիններից կնշեմ Փարիզում լույս տեսած` Raymond Kevorkian et Yves Ternon, Memorial du genocide des Armeniens աշխատությունը: Ամեն ինչ վաղուց, շատ վաղուց ապացուցված է, ստուգված ու վերստուգված: Վերջին աշխատություններից հարկ է նշել նաև այն, որ Միչիգանի նահանգի համալսարանի մի խումբ պրոֆեսորներ 7 միջազգային խորհրդաժողով անցկացրեցին Հայոց ցեղասպանության թեմայով և մի շարք հրապարակումներով հանդես եկան` ներառյալ մեծ գնահատականի արժանացած A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire գիրքը: Նշենք, որ ամեն տեղ օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը: Չի կարելի չհիշել թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի գործունեությունը, որը տառացիորեն ուղղակի արթնացրեց թուրքերից շատերի խիղճը, որոնց նա դիմեց հասարակ հարցով. «Կար այդպիսի ժողովուրդ, հայերը, որն ապրում էր այս հողերում, իսկ հիմա չկա: Ի՞նչ պատահեց»:
Դինքին հետապնդում էին, իշխանությունները նրան դատական մի քաշքշուկից մյուսի մեջ էին ներգրավում, և այս ամենն ավարտվեց նրանով, որ 2007թ. օրը ցերեկով Դինքին սպանեցին «Ակոս» շաբաթաթերթի մուտքի մոտ, որի խմբագիրն էր նա: Եվ այստեղ կատարվեց աննախադեպը. 100 հազարավոր մարդիկ` թուրքեր և հայեր, գնացին Դինքի դագաղի հետևից` վանկարկելով` «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք»:
Մի անգամ Դինքն ասաց, որ երկու ժողովուրդներն էլ հիվանդ են. «հայերը տառապում են ստացած վերքից, իսկ թուրքերը` պարանոյայից»: Վերքը հասկանալը հեշտ է, իսկ պարանոյա՞ն: Ցավոք, ոչ միայն թուրքական իշխանությունները, այլև Թուրքիայի բնակչության մեծամասնությունն, ըստ հարցումների, հավատում է, որ հայերը, ինչպես և թուրքերը, դարձել են ռազմական գործողությունների զոհ, որ ոչ ոք հայերին միտումնավոր չի սպանել, իսկ զոհվածների մասին ներկայացվող թվերն առհասարակ զառանցանք են»,-ասվում է հոդվածում, որը հրապարակվել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում:
Ինձ միշտ հետաքրքրել է այն հարցը, թե ինչու են մարդիկ, և ոչ միայն մեր երկրում (թեկուզ թուրքերը) այդքան վախենում խոստովանել իրենց ղեկավարների սխալներն ու հանցագործությունները, նույնիսկ նրանց, ով մահացել է հարյուրավոր տարիներ առաջ: Ինչո՞ւ են բոլորն այդքան տառապում, երբ պատմում են մեր երկրի ղեկավարների ոճիրների մասին` կարծես նախապապերի մեղքն իրենց վրա են բարդում: Ինչո՞ւ է ավելի լավ լռել նույնիսկ Իվան Ահեղի ու Պետրոս Առաջինի ոճիրների մասին, ի՞նչ է հակառակ դեպքում կստացվի, որ ռուս ժողովուրդը համատարած դահիճներից ու տանջարարներից է կազմված:
100 տարի է անցել հայերի ողբերգությունից, վաղուց արդեն փոշիացել են մարդասպանների ոսկորները, փոխվել են քաղաքական իշխանությունները` հարց է առաջանում, ի՞նչ կկորցնեն այսօրվա թուրքերը, եթե աշխարհի առջև ազնվորեն խոստովանեն, որ իրենց կառավարիչները խաղաղ մարդկանց արյան ծովեր են հեղել: Մի՞թե անհասկանալի չէ, որ ժողովրդի ու պետության հեղինակությունն ու արժանապատվությունն այն ժամանակ են ոտնահարվում, երբ բթամիտ ու չարանենգորեն ժխտում են այն, ինչն առանց այդ էլ վաղուց հայտնի է աշխարհին:
Հանելուկ հոգեբանների համար։ Մնում է միայն կրկնել Գյոթեի, մեկ անգամ արդեն մեջբերված խոսքերը. «Քանի դեռ մարդիկ անսահման հիմար են, սատանան խելացի լինելու կարիք չունի»:
Իսկ Պապ Ֆրանցիսկոսի առջև գլուխ եմ խոնարհում։ Նա դիպավ հենց նշանակետին` մատնանշելով 20-րդ դարի հիմնական մարդասպաններին, այն է` երիտթուրքերի կառավարությանը, Հիտլերին և Ստալինին»:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
«Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Թաքցնել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», – ասել է Հռոմի պապը: