Hurriyet. «Սարգսյանը գոհ է»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Սերժ-Սարգսյան.jpg)
Թուրքիայի առաջատար լրատվամիջոցներից չափավոր իշխանամետ «Հյուրրիյեթ» պարբերականն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրացիսկոս Պապին ուղղված շնորհակալական ուղերձին, տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Միջանկյալ նշենք, որ ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած աննախադեպ պատարագի ժամանակ Պապը նշել էր. «20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն իրականացվել է հայերի նկատմամբ»:
«Սարգսյանը գոհ է» վերնագրով հրապարակման մեջ աղբյուրը հայտնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությամբ արտահայտվել է նախագահի գոհունակությունը Պապի խոսքերից: Այնուհետև պարբերականը մեջբերում է հայտարարության հետևյալ հատվածը.
«Խորապես շնորհակալ ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին այս աննախադեպ պատարագի գաղափարի համար, որը խորհրդանշում է քրիստոնյա աշխարհի համերաշխությունը մեր ժողովրդի հետ»:
«Հյուրիյեթը» նաև ընդգծում է, որ իտալական RAI հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի (Չանաքքալե, Դարդանել) տոնակատարություններին, ասել է.
«Գալիպոլիի մարտերի հիշատակի արարողություններով Անկարան ցանկանում է շեղել աշխարհի ուշադրությունը՝ ինչպես դա միշտ է արել: Ամեն տարի ապրիլի 24-ին Թուրքիան տարբեր միջոցներով ժխտում է ցեղասպանությունը: Եթե առաջիկա ապրիլի 24-ին ԱՄՆ-ն, Իտալիան, Գերմանիան ավելի բարձրաստիճան պատվիրակություններ ուղարկեն Թուրքիա՝ Գալիպոլիի տոնակատարությունների առթիվ, ապա Թուրքիան կփորձի դա օգտագործել որպես հաղթաթուղթ և մեզ դառնալով՝ կասի. տեսնու՞մ եք, նրանք էլ չեն կարևորում ցեղասպանությունը»:
Թուրքական ընդդիմադիր «odatv.com» լրատվակայքն էլ, հղում կատարելով իտալական «Corriere Quotidiano» պարբերականին, գրում է, որ ՀՀ նախագահը Վատիկանում հայտարարել է . «Ես վստահ եմ , որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»: