«Հարավկովկասյան երկաթուղին» զարգացնում է համագործակցությունն Իրանի հետ Հարավային երկաթուղու կառուցման հարցում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը անցյալ շաբաթ Իրան կատարած իր այցի շրջանակներում հանդիպումներ է  ունեցել երկրի Առեւտրաարդյունաբերական պալատի եւ Տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ:

Երկկողմանի հանդիպումների շրջանակներում կողմերը քննարկել են Հարավային երկաթուղու կառուցման հեռանկարները, այս ուղղությամբ նախատեսվող բեռնափոխադրումների ծավալները, ինչպես նաեւ հայկական Երասխ կայարանի հիմքի վրա նոր լոգիստիկ կենտրոնի կառուցման հնարավորությունները:

Մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ»  ծրագրերի մեկնարկի մասին հայտարարվել էր 2013 թվականի հունվարին: Այդ ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված   «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջեւ ստորագրվել է Փոխհամաձայնության մասին հուշագիրը:

Դուբայում տեղակայված «Ռասիա» ընկերությունը արդեն իրականացնում է լայնածավալ գործունեություն՝ նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման, զարգացման եւ շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության հիման վրա:

 NEWS.am

Scroll Up