ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի նահանգային պալատում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է իրականացվել:
Արցախպրեսը գրում է, որ 630wpro.com կայքի փոխանցմամբ՝ միջոցառման ժամանակ նահանգային պալատի ներկայացուցիչ Քեթրին Ղազարյանը հայտնել է, որ պատրաստվում է ներկայացնել օրինագիծ, որը պաշտոնապես կճանաչի այն փաստը, որ ավելի քան մեկ միլիոն մարդ է զոհվել հարյուր տարի առաջ իրականացված ցեղասպանության հետևանքով: «Կարծում եմ, որ Ցեղասպանությունը չճանաչելը վատ նախադեպ կարող է լինել: Քանի որ երբ միլիոնավոր մարդիկ սպանվում են և նպատակը մի ողջ ցեղի ոչնչացումն է, մենք պետք է դա ճանաչենք, որպեսզի այլևս չկրկնվի»,- նշել է Ղազարյանը:
Նահանգապետ Ջինա Ռայմոնդոն իր ելույթի ժամանակ ևս փաստել է, որ Ցեղասպանության ճանաչումը կարևոր է հետագայում դրանք կանխարգելելու տեսանկյունից: «Մենք չենք կարող մոռանալ, քանի որ չենք կարող թույլ տալ նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,- ասել է նա: