Պորտլենդում ցուցադրվելու է Ցեղասպանության ժառանգությանը նվիրված ֆիլմաշար

Պորտլենդի պետական համալսարանում ապրիլ ամսվա ընթացքում ցուցադրվելու է անցյալի ճանաչված և չճանաչված ցեղասպանություններին նվիրված 3 ֆիլմ,- ըստ armeniangenocide100.org-ի՝տեղեկացնում է  The Daily Vanguard-ը:

Ֆիլմերի նշանակետում լինելու են 100 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրականացրած զանգվածային վայրագությունները, որոնք ներկայիս թուրքական կառավարությունը չի ճանաչում որպես «ցեղասպանություն»:

«Այս ֆիլմերն իսկապես կարևոր հարցեր են առաջ բերում, որոնք մենք կուզենայինք տալ համալսարանական համայնքին: Հայոց ցեղասպանությունը առանցքային կետ է այս բոլոր երեք ֆիլմերում»,- ասել է Պորտլենդի պետական համալսարանի Հոլոքոսթի և ցեղասպանագիտության ծրագրի ղեկավար Թավի Գուփթան:

Յուրաքանչյուր ֆիլմից հետո հանդիսատեսի հետ տեղի է ունենալու քննարկում ֆիլմերում ներկայացրած հարցերի շուրջ:

Առաջին ֆիլմը` «Ճչացողները», ցուցադրվելու է ապրիլի 9-ին 19:30-ին: Սա 2007 թվականին նկարահանված վավերագրական է, որը ներկայացնում է System of a Down խմբի գործունեությունը՝ ինչպես են նրանք տեղեկություններ տարածում ժամանակակից ցեղասպանությունների մասին, ինչպես էր սկսվել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և ինչպես են սահմանվում կամ անտեսվում ժամանակակից ցեղասպանությունները:

Երկրորդը «Երկնքի դիտորդները» ֆիլմն է, որը 2014 թվականի Sundance  ֆիլմերի փառատոնին արժանացել է երկու մրցանակների,  Monadnock միջազգային ֆիլմերի փառատոնի և Երուսաղեմի ֆիլմերի փառատոնի «Լավագույն փաստավավերագրական ֆիլմ» անվանակարգի մրցանակակիր է: Ֆիլմը ցուցադրվելու է ապրիլի 14-ին ժամը 19:30-ին:

«Երկնքի դիտորդները» ֆիլմը ներկայացնում է լեհ-հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինի կյանքը, որը Հոլոքոսթի ընթացքում կորցրել է իր ընտանիքն ու շատ ընկերների: Լեմկինն առաջինն էր, որ սահմանեց «ցեղասպանություն» եզրը: Այդ վայրագություններին անուն տալով՝ Լեմկինը, փաստորեն, խթան տվեց ցեղասպանությունների ճանաչմանը:

Երրորդ ֆիլմ «Աղետն» է, որը ցուցադրվելու է ապրիլի 23-ին, կրկին ժամը 19:30-ին:  «Աղետը» Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ է, երբևէ չցուցադրած կադրերով և զանգվածային ոճրագործությունները վկայող փաստաթղթերով:

«Ներկայումս 22 պետություն և Ամերիկայի 43 նահանգ ընդունել են Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Պորտլենդի պետական համալսարանի Հոլոքոսթի և ցեղասպանագիտության ծրագրի ղեկավարը:

Scroll Up